«Աղաչում եմ՝ պետք է բանակցությունների մոտեցումը փոխել, պատերազմի հավանականությունը մեծանում է». Վարդան Օսկանյան
 |aravot.am|
16:32 - 09 օգոստոսի, 2023

«Աղաչում եմ՝ պետք է բանակցությունների մոտեցումը փոխել, պատերազմի հավանականությունը մեծանում է». Վարդան Օսկանյան |aravot.am|

aravot.am: «Հայ-ադրբեջանական այս դեռեւս չլուծված հակամարտությունում մենք՝ հայերս, մեր ձեռքում ընդամենը մեկ լծակ ունենք՝ այսպես կոչված Խաղաղության պայմանագիրը ստորագրելու կամ չստորագրելու լծակն է: Իհարկե, այդ լծակն այսօր բավականին թուլացել է, որովհետեւ Հայաստանի իշխանություններն արդեն նախօրոք հայտարարել են, թե ինչպիսի փաստաթուղթ են ստորագրելու, արդեն նախօրոք ասել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է, արդեն նախօրոք ասել են, որ պատրաստ են Հայաստանից տարածքներ զիջել, այդ բոլորը, բնականաբար այդ լծակը թուլացրել են: Բայց դեռեւս դրանք բանավոր են, գրավոր ստորագրելու այդ լծակն իր ուժը չի կորցրել»,- ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակման միջոցով ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարի կարծիքով՝ դեռ կարելի է այդ լծակը լավագույնս օգտագործել. «Բայց պետք է այնպես օգտագործել, որ մեր գլխին նոր պատերազմ չբերենք: Այն ձեւով, որ այդ լծակն այսօր օգտագործվում է, իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում, պատերազմի հավանականությունն օրեցօր մեծանում է: Իշխանությունները, թերեւս, հնարավորություն ունեն իրենց բանավոր խոսքից հետ կանգնելու, ինչն ավելի կուժեղացնի այդ լծակը, եւ դա կդառնա ավելի հզոր մեր ձեռքում, բայց այստեղ այդ լծակը պետք է կարողանալ ճիշտ օգտագործել»:

Վարդան Օսկանյանն ընդգծում է. «Ես անկեղծորեն չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ինչ է մտածում,  ուզո՞ւմ է ստորագրել, չստորագրել, ձգձգել… Որոշ քաղաքական մեկնաբաններ ասում են, որ երբեք չի ստորագրելու, որոշներն ասում են՝ շտապում է մեկ օր առաջ ստորագրել… Իսկապես դժվար է ասել, թե Փաշինյանն ինչ է մտածում: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ Փաշինյանի համար նման փաստաթուղթ ստորագրելը հեշտ չի լինելու, որովհետեւ դրա բովանդակությունը որեւէ աղերս չունի հայ ժողովրդի շահերի հետ, ուստի այդքան հեշտ Փաշինյանը չի կարողանալու ստորագրել, բնականաբար սա կարող է ձգձգվել:

Եվ հենց այստեղ է վտանգը, որովհետեւ այն ոճը, այն բառապաշարը, այն հռետորաբանությունը, որ այսօր Փաշինյանն օգտագործում է, եւ միաժամանակ բանակցությունները շարունակվում են, ու փաստաթուղթ չի ստորագրվում, օրեցօր պատերազմի վտանգը մեծանում է: Եթե հակառակորդի ակնկալիքը բարձրացնում ես, բայց չես անում, վերջիվերջո ինչ-որ տեղ նա անցնելու է այլ գործողությունների: Հավատացեք, այստեղ միջնորդները ոչինչ չեն կարողանալու անել, որովհետեւ անընդհատ դու ինչ-որ բան ես խոստացել քո հակառակորդին, որը չես արել: Դրա համար ես վերջերս ուղղակի խնդրում եմ, աղաչում եմ, որ մենք այսօրվա բանակցությունների մոտեցումը փոխենք, նարատիվը փոխենք, դա իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Եվ դրա հնարավորությունը իսկապես կա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել