ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օգոստոսի 10-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին հայտնել է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմ համագործակցության արդյունքում ավելի կխորանան դինամիկ զարգացող հայ-ֆրանսիական հարաբերությունները: «Դուք Հայաստանում դեսպան եք նշանակվել այն ժամանակահատվածում, երբ հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են վերելքի վրա: Միաժամանակ, մենք ունենք արտաքին քաղաքական մարտահրավերներ, որոնց մասին Դուք քաջատեղյակ եք, և որոնց դիմագրավելու հարցում մենք ակնկալում ենք Ֆրանսիայի աջակցությունը»,- ասել է բարեկամական խմբի ղեկավարը:
Դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ պատրաստ է կատարել առավելագույնը` նպաստելու երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը: Դեսպանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն այդ հարցում:
Վլադիմիր Վարդանյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել հայ-ֆրանսիական խորհրդարանական համագործակցության վերջին զարգացումները` շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի խորհրդարանական գործընկերներին հայանպաստ դիրքորոշման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում միջազգային հանրության կողմից գործուն քայլեր ստանձնելու անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են նաեւ երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)