armeniasputnik.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին համաձայնություն չունի Արցախ տեղափոխել օրեր առաջ Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած արցախցի՝ ճարտարցի Հելեն Դադայանի աճյունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Այս հարցով մենք զբաղվել ենք կողմերի հետ, սակայն նույնիսկ մեկ կողմի անհամաձայնության պայմաններում հնարավորություն չունենք օգնել տեղաշարժը կազմակերպել»,– ասաց նա։
Զառա Ամատունին վստահեցրեց, որ ԿԽՄԿ–ն կողմերի համաձայնության գալու պարագայում պատրաստակամ է աջակցել։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Լանջիկ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և 33-ամյա Հ.Պ.–ի վարած «ZIL» մակնիշի բեռնատարը։ Վթարի զոհ է դարձել 11 մարդ։ Խումբը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից։
Զոհերից մեկը արցախցի Հելեն Դադայանն էր։ Նրա ծնողներն Արցախում են, ցանկանում են տեղափոխել աղջկա մարմինն ու հուղարկավորել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աղջկա մորեղբայրը` Մուշեղ Սաֆարյանը դիմել էր Կարմիր խաչին և Արցախի իշխանություններին՝ այդ հարցում աջակցելու համար։ Աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։
comment.count (0)