ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ
13:50 - 01 սեպտեմբերի, 2023

ՀՀ ԱԳՆ-ն հստակ պատասխան չի տալիս՝ ինչ քայլեր են ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության աշխատակազմը փաստացի խուսափեց պատասխանել հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։ Կառավարությունից հուլիսի 20-ին ուղարկած մեր գրավոր հարցմանը ժամկետի խախտումով չպատասխանեցին, հետո մեկնաբանեցին, թե 30-օրյա ժամկետում պատասխանելու գրություն են ուղարկել, որը մենք փաստացի չէինք ստացել, ապա ուղարկեցին 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին գրության մի ֆայլ, որտեղ սխալ ամսաթիվ էր նշված, եւ, ի վերջո, ոչ ի սկզբանե ուղարկած գրության ֆայլը եւ ոչ էլ հարցման պատասխանը չուղարկեցին՝ չնայած հավաստիացմանը, որ պատասխանը կստանանք։ 

Կառավարությունից այս հարցին պատասխան չստանալուց հետո Infocom-ը գրավոր հարցում ուղարկեց նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարություն եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ 

ՀՀ ԱԳՆ աշխատակազմից, թեեւ պատասխան ուղարկել են, սակայն այն չի բովանդակում մեր հարցի վերաբերյալ տեղեկություն։ ԱԳՆ-ից, մասնավորապես, ներկայացրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից ի վեր՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն՝ համաձայն ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին ընդունված եւ հուլիսի 6-ին վերահաստատված իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների:

Թեեւ ԱԳՆ պատասխանը բավականին երկար է, եւ չնայած infocom.am-ը հետեւողականորեն լուսաբանում է գերատեսչության աշխատանքը, այդուհանդերձ ներկայացնում ենք արտգործնախարարության տեքստն ամբողջությամբ եւ, իհարկե, առանց բովանդակային խմբագրման, որպեսզի տեսանելի լինի, որ մեր բարձրացրած հարցին որեւէ պարբերության մեջ հստակ անդրադարձ չկա։

ԱԳՆ «կիսապատասխանը»

Այսպես, ԱԳՆ-ից հիշեցրել են, որ այս տարվա օգոստոսի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահարթ նիստ գումարելու պահանջով, իսկ օգոստոսի 16-ին արդեն տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստը։

Մինչ այդ, ինչպես նշել են ԱԳՆ-ից, ՄԱԿ-ում ՀՀ կողմից որպես ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի եւ Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթղթեր շրջանառվել են ավելի քան 20 նամակներ եւ հայտարարություններ՝ Լաչինի միջանցքի արգելափակման, ԼՂ-ում հումանիտար վիճակի, ռազմագերիների վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման եւ այլ խնդիրների վերաբերյալ․ «Բացի այդ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Բնակչության հիմնադրամի, Պարենի համաշխարհային ծրագրի, Զարգացման ծրագրի, Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավարներին փոխանցվել են ՀՀ ԱԳ նախարարի եւ ՀՀ այլ գերատեսչությունների ղեկավարների նամակները»,- հավելել են նախարարությունից՝ հիշեցնելով նաեւ, որ 2022թ. դեկտեմբերի 20-ին Հնդկաստանի նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում, որը հրավիրվել էր Հայաստանի դիմումի համաձայն՝ քննարկելու Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը:

ԱԳՆ-ից նշել են, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԽ նախագահին հասցեագրած՝ հուլիսի 12-ի իր նամակում ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը եւ դրա ազդեցությունը բնակչության խոցելի խմբերի վրա՝ կարեւորելով ԱԽ կողմից հրատապ ու արդյունավետ միջոցների ձեռնարկումն ի պատասխան Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի եւ մարդու իրավունքների միջազգային իրավունքի խախտման՝ ապահովելու համար Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումների կատարումը եւ Լաչինի միջանցքով անձանց, ավտոմեքենաների ու բեռների ազատ տեղաշարժի վերականգնումը:

«ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին, մասնավորապես սննդի ու այլ կենսական ապրանքների պակասին եւ թերսնման խնդիրներին անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գեւորգյանը օգոուտոսի 3-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի՝ «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանություն» օրակարգի կետի ներքո ԱՄՆ կողմից կազմակերպված «Սովի եւ հակամարտության հետեւանքով գլոբալ պարենային անապահովության» թեմայով բաց քննարկման ընթացքում իր ելույթում՝ շեշտելով, որ Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին՝ ընդլայնելով բնակչությանը սով պարտադրելու իր ակնհայտ գործողությունները»,- ասված է ԱԳՆ պատասխանում:

Արտաքին քաղաքական գերատեսչությունից, իհարկե, հավաստիացրել են, որ Հայաստանը շարունակում է հետեւողական աշխատանքները ՄԱԿ ԱԽ անդամների հետ՝ իրազեկելու ԼՂ-ում հումանիտար եւ մարդու իրավունքների իրավիճակի ու Ադրբեջանի ապօրինի գործողություններից բխող միջազգային խաղաղության եւ անվտանգության սպառնալիքների վերաբերյալ՝ ապահովելու Անվտանգության խորհրդի կողմից գործնական քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անվերապահ կատարման, Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության վերականգնման եւ ՄԱԿ գործակալությունների ու ԿԽՄԿ-ի՝ Լեռնային Ղարաբաղ անվտանգ եւ անխափան հումանիտար մուտքի ուղղությամբ:

«Միեւնույն ժամանակ Հայաստանն աջակցում է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության անվտանգ եւ անխափան հումանիտար գործունեությանը Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»:

ԱԳՆ-ից հայտնել են նաեւ, որ նշյալ ժամանակահատվածում ԵԱՀԿ ՀՀ ՄՆ կողմից հնչել են եւս 9 հայտարարություններ, որոնք, ըստ ԵԱՀԿ կանոնակարգի, ենթակա չեն հանրայնացման:

«Եվրոպայի խորհրդի քարտուղարություն են փոխանցվել ՀՀ եւ Լեռնային Ղսրաբաղի մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները, Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի նամակները՝ խնդրելով այդ փաստաթղթերը տարածել որպես ԵԽ Նախարարների կոմիտեի պաշտոնական փաստաթղթեր: Նախարարների կոմիտեի կանոնների համաձայն՝ տվյալ փաստաթղթերը, սակայն, ենթակա չեն հրապարակման»,- նշված է պատասխանում:

ԱԳՆ-ից հիշեցրել են, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում կայացած կանոնադրական մարմինների նիստերի եւ այլ միջոցառումների ընթացքում, ինչպես նաեւ երկկողմ հանդիպումների ժամանակ ՀՀ պատվիրակուրյան ղեկավարներն համապատասխան ժամանակահատվածում իրենց ելույթներում մշտապես անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման եւ վերջինիս հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի խորացման հարցերին: Նշել են նաեւ, որ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հանդիպումներ են ունենում հավատարմագրման երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ եւ փոխանցում Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետ կապված իրավիճակը նկարագրող եւ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթեր, դեսպանները հանդես են գալիս ելույթներով եւ հարցազրույցներով․

«Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ անձնակազմերի հետ շփումների ընթացքում պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առնչությամբ»:

Գերատեսչությունից հաղորդել են, որ ԱԳՆ միջոցով փոխանցվել են ՀՀ ԱԺ նախագահի, փոխնախագահի, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի, համապատասխան բարեկամական խմբերի ղեկավարների, ինչպես նաեւ պատգամավորների նամակները՝ հասցեագրված իրենց գործընկերներին՝ երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով, իսկ օտարերկրյա լրատվամիջոցներում հրապարակել են ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացնող ավելի քան 2000 հոդվածներ:

«Հայկական կողմն իր ամենօրյա աշխատանքների միջոցով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում հատկապես հունիսի 15-ից Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման ու ցանկացած մարդասիրական մատակարարման ամբողջական դադարեցման վրա, ի խախտումն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի՝ շեշտելով, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական գոյությունը հայտնվել է լուրջ սպառնալիքի տակ»,- եզչափակել են ԱԳՆ-ից:

ՄԻՊ արձագանքը

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ Պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ նույն օրենքով սահմանված դեպքերում նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Այս առնչությամբ ՄԻՊ աշխատակազմից շեշտել են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատը սահմանափակվում է վերը նշված մարմինների ու անձանց, կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների խախտումների շրջանակով, ինչից ելնելով մեր վկայակոչված խնդիրն ուղղակիորեն վերաբերելի չէ Պաշտպանի լիազորությունների շրջանակին․

«Միաժամանակ, հաշվի առնելով Արցախում բնակվող էթնիկ հայերի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների երաշխավորման կարեւորությունը՝ Պաշտպանի աշխատակազմը մշտադիտարկում, վերլուծում եւ ամփոփում է նշված իրավունքների, ներառյալ՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտումները՝ դրանք ներկայացնելով մարդու իրավումքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին: Այդ համատեքստում փորձ է կատարվում նպաստել անձանց խախտված իրավունքների վերականգմանն ու իրավունքների պաշտպանությանը»,- նշել են ՄԻՊ աշխատակազմից՝ հավելելով, որ նշված դերակատարների հետ հաղորդակցությունը կրում է խորհրդապահական բնույթ, սակայն դրա մանրամասները չեն կարող ներկայացնել:

ՄԻՊ աշխատակազմից հաղորդել են նաեւ, որ Պաշտպանի աշխատակազմի կողմից կազմվել եւ հրապարակվել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները ներկայացնող 4 արտահերթ հրապարակային զեկույց, որոնցում ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակիան հումանիտար հետեւանքները, ինչպես նաեւ ամփոփվել եւ վերլուծվել է ադրբեջանական պաշտոնատար անձանց հայատյաց խոսույթը

«Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով մարդու իրավունքների խախտումները, ներառյալ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումներն ու հումանիտար ճգնաժամի զարգացումը շարունակում են գտնվել Պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս առնչությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալները որոշակի պարբերականությամբ ներկայացվում են մարդու իրավունքների միջազգային կառույցներին եւ դերակատարներին՝ փորձելով նշված դերակատարաների հետ ակտիվ համագործակցության միջոցով լուծել մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները»,- ամփոփել են ՄԻՊ աշխատակազմից:

Այսպիսով, ի տարբերություն ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ԱԳՆ-ից պատասխան, այնուամենայնիվ ստացանք, սակայն այդ պատասխանում եւս չկար որեւէ հստակ տեղեկություն այն մասին, թե ինչ քայլեր են ձեռնարկվել եւ ձեռնարկվում Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին ՀՀ վերադաձնելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳՆ պատասխանը բովանդակում է տեղեկություններ այն մասին, թե ինչ քայլեր են իրականացվել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերացնելուն եւ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղությամբ անխափան տեղաշարժը վերականգնելուն։ Իսկ ՄԻՊ աշխատակազմից ներկայացրել են օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում իրենց կատարած աշխատանքները։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել