Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության
 |news.am|
10:00 - 05 սեպտեմբերի, 2023

Ինձ խմբակցության ղեկավարն ասում էր՝ ոչինչ, թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան. Մարության |news.am|

news.am: Կառավարությունը խոչընդոտում եւ խանգարում էր, որ 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները ձեռք բերվեն: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Այդ կապույտ ավտոբուսները, որոնք ասում են՝ լավը չէ, իրենք ինձ երբ հեռացրել են 2 անգամ արդեն այդ գնումը կատարել են, եթե գտնում են, որ դրանք լավը չեն, ապա ինչո՞ւ են գնում: Դա նշանակում է, որ իրենց ամբողջ խոսույթը ապատեղեկատվություն է: Այսինքն՝ դու իմանալով որ դա վատն է, բերո՞ւմ ես վատ բան: Երբ գործադիրը ուզում էր բերել 6 եւ 8 մետրանոց ավտոբուսները, իրենք ամեն կերպ խանգարել եւ խոչընդոտել են մեզ: Մենք դիմել էինք Կառավարությանը, սակայն մեզ գումար չէին տվել, պետք էր շատ հասարակ բան անել, պետք էր ավագանու քվեարկությամբ պահուստային ֆոնդից գումարը հանել եւ պետք էր ընդամենը քվեարկել:

Եվ նախորդ օրը ես խմբակցության ղեկավարից ստանում զանգ այն մասին, որ կառավարությունից ազդակ ունենք, որ այդ ավտոբուսները չպետք է գան, ասում եմ՝ ինչպե՞ս թե, ասում է՝ դե իրենք ասում են, որ այդ ավտոբուսները լավը չեն: Ասում եմ՝ բայց մարդիկ հիմա չեն կարողանում գործի գնալ-գալ, ասում է՝ դե ոչինչ թող մի 2 տարի էլ գազելներով գնան-գան, ես 1-2 րոպե պաուզա տվեցի, ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ դա դավաճանական քայլ է երեւանցիների նկատմամբ, եւ մենք դա չպետք է թույլ տանք: Հաջորդ օրը այդպես էլ չհավաքվեց 33 ավագանու անդամը եւ ԲՀԿ-ն անտեղյակ ամեն ինչից, եկան ու իրենց շնորհիվ եղավ քվորումը, եւ այսօր երեւանցիներն ունեն այդ ավտոբուսները: Այդ քաղաքական ուժը պատրաստ է մեկ միլիոն մարդու թողնել առանց տրանսպորտի: Երբ արդեն հանգիստ խոսում էինք, ինձ ասացին՝ դե պարոն Մարության, դուք բերում եք այդ ավտոբուսները, դուք նաեւ մեր կուսակցությունից չեք, ձեր ռեյտինգը բարձրանում է, այդպես ո՞նց կլինի»,- պատմել է Հայկ Մարությանը:

Անդրադառնալով իշխանականների այն պնդմանը, որ Կառավարությունն է աջակցել, որպեսզի ձեռք բերվեն ավտոբուսներ, Մարությանն արձագանքեց.

«Բա ի՞նչ պիտի աներ, այդ գումարը տնի՞ց է բերել: Այդ գումարը Կառավարությունը չի փակելու, դա փակելու է ապագա կառավարությունը, որովհետեւ դա վարկ է: Եվ հայաստանցիներն են այս վարկը փակելու երկար ժամանակ»:

Այն դիտարկմանը, թե ինքը ինչ աշխատանք որ արել է մայրաքաղաքում, վերագրում է միայն իրեն, Մարությանն ասաց.

«Ես երբեւիցե չեմ ասել՝ ես, ես հաշվետվություն եմ տվել, թե այդ 3 տարվա ընթացքում ինչ է արվել: Ես բացարձակ համաձայն չեմ, որ դա քաղաքական թիմն է արել: Այդ ամբողջ աշխատանքն անում է գործադիրը, դա թիմն էր, որը ես էի հավաքել: Երբ մենք օրինակ՝ աղբահանության խնդիրը փորձում էինք լուծել, կառավարությունը բացարձակ չի օգնել, ոչ գումար է տվել, անգամ ասում էին՝ պետք չէ, որ լինի պետական հիմնարկը, պետք է սեփական մի ընկերությանը տանք, իսկ ես պնդում էի, որ դա պետք է համայնքային լինի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել