«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները
23:38 - 09 սեպտեմբերի, 2023

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում պայմանագրով նախատեսված պարտականությունները

Երևանում, արդեն 10 տարի է՝ ավտոմեքենաների կայանման համար, բացի անվճար կայանատեղիներից, կան նաև վճարովի կայանատեղիներ, որոնք եզրագծված են կարմիր գույնով։ Այս կայանատեղիներից օգտվելու համար վճարումը կարելի է իրականացնել մի քանի տարբերակով։ Առաջին տարբերակի դեպքում վարորդները մի քանի ժամով կամ մեկ օրով կայանում են իրենց մեքենան ու դրա դիմաց վճարում։ Մյուս տարբերակը ամսական կամ տարեկան փաթեթ գնելն է․ սա նշանակում է, որ վարորդները իրենց վճարած ժամանակահատվածի համար հնարավորություն են ստանում մեքենան կայանելու Երևան քաղաքի բոլոր վճարովի կայանատեղիներում։ 

Սակայն վերջին շրջանում վարորդներից հաճախ կարող ենք լսել բողոքներ, որ հատկապես առավոտյան ժամերին վճարովի կայանատեղիներում կայանել չի ստացվում։ Բանն այն է, որ երբ վարորդները փորձում են մեքենաները կայանել, պարզվում է, որ  անհայտ անձինք տարբեր առարկաներով (աթոռներ, մետաղյա իրեր և այլն) փակել են կարմիրով եզրագծված կայանատեղին՝ անհնար դարձնելով կայանումը։ 

Ստացվում է, որ վարորդները գումար են վճարում, փաթեթ գնում, բայց ոչ միշտ են կարողանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվել։ Եվ պատճառն ամենևին էլ այն չէ, որ այնտեղ արդեն այլ մեքենաներ են կայանված․ կայանատեղիներում պարզապես տեղադրված են իրեր, որոնք խոչընդոտում են այնտեղ մեքենաների մուտքը։

Infocom-ը փորձել է հասկանալ՝ որ կառույցն է պատասխանատու Երևանի վճարովի ավտոկայանատեղիներում անխոչընդոտ կայանում ապահովելու համար, կայանմանը խոչընդոտող իրերի առկայության դեպքում ով պետք է վերացնի խնդիրը, և իրավական ինչ կարգավորումներ կան։

 

Մեր արձանագրած խախտումները

Մենք հուլիսի 8-13-ը՝ առավոտյան 7։30-9։30-ն ընկած ժամանակահատվածում, մոնիտորինգ ենք իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում։ Շրջել ենք Աբովյան, Ամիրյան, Սարյան, Մոսկովյան, Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Թումանյան, Սայաթ-Նովա, Չարենցի և Տերյան փողոցներում, ինչպես նաև Սախարովի և Հանրապետության հրապարակներում։ Արդյունքում արձանագրել ենք 6 դեպք, երբ վճարովի  կայանատեղիներում եղել են արկղեր, ինքնագլորներ, Քաղաքապետարանի կողմից բեռնաթափված շինարարական ավազ՝ առանց զգուշացման նշանի, մետաղյա իրեր և այլն։  

Տերյան փողոց /արկղեր/   

Մոսկովյան փողոց /Քաղաքապետարանը մայթերի վերանորոգման համար շինարարական ավազ էր լցրել կարմիր գծերի հատվածում, չկային նախազգուշացնող վահանակներ/

 

Թումանյան փողոց /աթոռներ և արկղեր/

Այս քարտեզի վրա կարող եք տեսնել Կենտրոն քաղաքի բոլոր վճարովի ավտոկայանատեղիները․

  • կապույտով են նշված այն փողոցները, որոնք ունեն վճարովի ավտոկայանատեղի,
  • դեղինով նշված են փողոցները, որտեղ այցելել ենք մոնիտորինգի ընթացքում,
  • կարմիրով առանձնացված են այդ փողոցների այն հատվածները, որտեղ վճարովի ավտոկայանատեղիներն են, 
  • կանաչ կետերն էլ մեր հայտնաբերած խախտումներն են (սեղմելով յուրաքանչյուր կետին՝ կարող եք տեսնել արձանագրված խախտումները)։

Վարորդներից հնչող բողոքների և մեր անձանագրած դեպքերի համատեքստում առաջանում են մի քանի հարցեր, որոնց պատասխաններն էլ փորձել ենք ստանալ՝

  • արդյոք օրենքի խախտում չէ՞ կայանատեղիներում նման իրեր տեղադրելը,
  • ո՞ր կառույցն է պատասխանատու կայանատեղիներում վերահսկողության և խոչընդոտների վերացման համար,
  • կայանատեղիում խոչընդոտ տեղադրած քաղաքացիները ենթարկվո՞ւմ են պատասխանատվության։ 

 

Վճարովի ավտոկայանատեղիների սպասարկում․ մրցույթի հայտարարումից մինչև քաղաքապետարանի լիազորությունների անցում

Ավտոտրանսպորտային միջոցների կայանման կանոնակարգման համար 2011 թվականին Կառավարությունը որոշեց օրենքով սահմանել վճարովի ավտոկայանման տուրքերը, իսկ 2012 թվականին Երևանի ավագանու որոշմամբ սահմանվեցին վճարովի կայանման նորմերը։ 

2012 թվականի դեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Գնման հայտարարությունում մրցույթի մասնակիցների որակավորման չափանիշների վերաբերյալ պահանջներում քաղաքապետարանը նշում էր, որ ծառայությունը մատուցող ընկերությունը պետք է ունենա 3 և ավելի տարվա աշխատանքային փորձ կայանատեղերի սպասարկման ոլորտում (GPS համակարգերով մոնիտորինգ)։

2013 թվականի ապրիլին մրցակցային երկխոսության ձևով մրցույթում հաղթող ճանաչվեց «Լոկատոր» և «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունների կոնսորցիումը։ 

Հետաքրքիր է, որ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2012 թվականի սեպտեմբերի 27-ին՝ մրցույթը հայտարարելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Մրցույթը հաղթելու պահին, ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության տնօրենն է եղել Վազգեն Հարությունյանը։ Իսկ կոնսորցիումի մաս կազմող «Լոկատոր» ՓԲԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է 2007 թվականի ապրիլի 16-ին։ Մրցույթը հաղթելու պահին, ըստ պետական ռեգիստրի տվյալների, ընկերության տնօրենն է եղել Արման Խաչատրյանը։ Ընկերությունը զբաղվում է կառավարման համակարգերի ստեղծմամբ և ներդրմամբ, աշխարհագրական տեեկատվական համակարգերի (GIS) ոլորտին վերաբերող ծրագրային ապահովման մշակմամբ։

«Փարկինգ սիթի սերվիս»-ը 2012-ին հայտարարված մրցույթում հաղթելուց հետո պարտավորվեց  իրականացնել Երևան քաղաքի ավագանու սահմանած փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղերի պարտադիր կահավորում, էլեկտրոնային համակարգերի միջոցով կահավորում, ավտոկայանատեղերի տուրքի նկատմամբ հսկողության իրականացում, կարգավարի և շրջիկ կարգավարի գործառույթների իրականացում, համաշխարհային շուկայում առկա լավագույն տեսախցիկների տեսահսկմամբ Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերում կայանած տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովում: 

2014  թվականի հունիսին «Փարկինգ սիթի սերվիս»-ը  հայտարարեց ընկերության իր բաժնեմասերը վաճառելու մասին։ 

«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը, հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում ընկերության գործունեությանը վերաբերող, մամուլում տեղ գտած շահարկումերը, բազմաթիվ քաղաքական և ոչ քաղաքական գործիչների՝ հավաքագրված ավտոկայանատեղի տուրքի 70%-ը ընկերությանը հանձնելու արդյունքում ընկերության գերշահույթ ստանալու հետ կապված տարբեր քաղաքական հարթակներում և ամբիոններում հնչեցրած, իրականությանը չհամապատասխանող կարծիքները և տեսակետները, հայտարարում է ընկերության բաժնետոմսերի վաճառքի մասին»,- ասվում էր հայտարարության մեջ:

Արդեն 2016 թվականին «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100% բաժնեմասի սեփականատեր Տիգրան Հարությունյանն իր բաժնեմասերը նվիրաբերեց Երևանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանն էլ որոշում ընդունեց «Փարկինգ սիթի սերվիս»-ի բաժնեմասերը հավատարմագրային կառավարման հանձնել «Լոկատոր» ՓԲԸ-ին և նրա հետ կնքել պայմանագիր մինչև 10 տարի ժամկետով։

Քաղաքապետարանը  նաև պարտավորվեց ստանձնել  «Փարկինգ սիթի սերվիս»-ի ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը դրանք հեղինակավոր աուդիտորական կազմակերպության միջոցով գնահատելուց հետո։ 

2017 թվականին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքվեց ծառայությունների մատուցման պայմանագիր, որը վավեր է միչև 2026  թվականը։ Այս պայմանագրով, փաստորեն, արդեն քաղաքապետարանին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը շարունակելու էր իրականացնել վճարովի կայանատեղիների սպասարկումը։

Համաձայն նոր պայմանագրի՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը բյուջեից տարեկան ստանում է 360  մլն դրամ՝ իր պարտավորությունները կատարելու համար։ Ըստ պայմանագրի՝ կարմիր գծերով նշված վայրերում կայանման համար վարորդները վճարում են առավոտյան 9-ից մինչև կեսգիշեր ընկած ժամանակահատվածի համար։ Գծանշման վայրերը որոշում է Երևանի ավագանին, իսկ վերահսկումը իրականացնում է «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը՝ տեսախցիկներով։ Կայանատեղիների մոտակայքում պետք է դրված լինեն վճարման տերմինալներ։ Եվ, որ ամենակարևորն է, պայմանագրի համաձայն, «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը պետք է ապահովի ավտոմեքնաների անխոչընդոտ մուտքն ու ելքը  կայանատեղի։ 

 

Կանգնակներ տեղադրելն օրենքով արգելվում է 

Ավտոկայանատեղիներում անխոչընդոտ կայանում ապահովելու վերաբերյալ հարցերի պատասխանները ստանալու համար հարցում ուղարկեցինք Երևանի քաղաքապետարան։ Քաղաքապետարանը հարցմանը օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չպատասխանեց, իսկ լրացուցիչ 30-օրյա ժամկետ չխնդրեց։ Այսպիսով, մեր հարցման պատասխանը ստացանք 2 օր ուշացումով։ 

Հարցման պատասխանում նշվում էր, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 140-րդ հոդվածի համաձայն՝ ինքնակամ ճանապարհային նշաններ տեղադրելը առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով (25 հազար դրամ), իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ճանապարհին թողնել շինարարական նյութեր կամ այլ իրեր, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությունը։ Թողնելու դեպքում քաղաքացին տուգանվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազար դրամ), իսկ գործերը քննում է Ոստիկանությունը։ 

Այսպիսով, օրենքն արգելում է ճանապարհին թողնել այնպիսի իրեր, որոնք կխոչընդոտեն ճանապարհային երթևեկությունը։ Բայց քաղաքապետարանի պատասխանից պարզ չի դառնում, թե ով է պատասխանատու խախտումը կանխարգելելու համար, և ով պետք է նմանատիպ խախտումների նկատմամբ վերահսկողություն իրականացնի։ 

Այս հարցերի պատասխանները ստանալ չհաջողվեց նաև Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի՝ մեր հետ զրույցում․ նա միայն նշեց, որ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը քաղքապետարանին ծառայություններ է մատուցում և վերահսկող գործառույթով օժտված չէ, այդ հարցով Ճանապարհային ոստիկանությունն է իրավասու տուգանել քաղաքացիներին։ 

Հիշեցնենք, որ 2017 թվականին Երևանի քաղաքապետարանի և «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի միջև կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրի 3-րդ կետի համաձայն՝ ընկերությունը պետք է ապահովի տրանսպորտային միջոցների՝ ավտոկայանատեղի մատչելի և անվտանգ մուտք գործելու ուղիները։

Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշում է՝ պայմանագրով սահմանված այս կետը ենթադրում է նաև հետևել, որ կանգնակներ չտեղադրվեն, ինչը «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը չի կատարում։ 

Այս համատեքստում այնքան էլ արժանահավատ չի թվում Տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պնդումը, թե «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը վերահոսկող գործառույթ չունի։ Պայմանագրով փաստացի սահմանված է, որ ընկերությունը պիտի ապահովի տրանսպորտային միջոցների մատչելի և անվտանգ մուտքն ավտոկայանատեղի, մինչդեռ չի ապահովում․ ավտոկայանատեղիներում տեղադրված առարկաները խոչընդոտում են մեքենաների առնվազն մատչելի մուտքը։

Ներքին գործերի նախարարության Ոստիկանության վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, նշեցին, որ վերջին 3 ամսում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, 27 դեպք են հայտնաբերել, վարչական արձանագրություն կազմել։ Բայց Ոստիկանությունից այդպես էլ  չկարողացան հստակեցնել, թե հայտնաբերված դեպքերից քանիսն են եղել կայանատեղիներում, քանի որ հավաքագրած տվյալներ չունեին։

Հետաքրքիր է, որ Տրանսպորտի վարչության պետի ժ/պ Վազգեն Հարությունյանի մեր հետ զրույցից մի քանի օր հետո քաղաքապետարանը հրապարակեց մի հոլովակ, որում ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արա Գյուլզադյանի հետ քաղաքի տարբեր հատվածներում կայանման համար նախատեսված վայրերից հավաքում էին կանգնակները, տուգանում տնտեսվարողներին։ Մի քանի օր անց՝ օգոստոսի 17-ին, քաղաքապետարանը հրապարակեց ևս մի հոլովակ։ Այս անգամ էլ տուգանում էին ավտոկայանատեղերում կայանման համար գումար վերցնող քաղաքացիներին, հեռացնում փողոցներում և բակերում նրանց տեղադրած իրերը, որոնք խոչընդոտում էին կայանումը։

 

«Փարկինգ Սիթի Սերվիս»-ին առնչվող քրեական գործը կարճվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով

Այս համատեքստում հետաքրքիր է նաև հետևյալ փաստը․ երբ 2016-ին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի 100% բաժնեմասը նվիրաբերվեց Երևանի քաղաքապետարանին, քաղաքապետարանը պարտավորվեց ստանձնել ընկերության ակտիվների ձեռքբերման համար վերցված և դրանց համարժեք փոխառությունների մարման պարտավորությունը։ 

Մի քանի տարի անց՝ 2019-ի օգոստոսին, Դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ այդ ժամանակ, առանց «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ում աուդիտորական գնահատում իրականացնելու, հիմք ընդունելով ստացված խորհրդատվական մի եզրակացություն, ընկերության հիմնական միջոցների արժեք է սահմանվել 1.788.000.000 ՀՀ դրամը, որը 1.051.113.700 մլն ՀՀ դրամով ավելի է իրական արժեքից։ Ըստ Դատախազության՝ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ի կողմից բանկին ունեցած վարկային պարտավորությունները կատարելու նպատակով 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից կատարել է 713.000.000 ՀՀ դրամի վարկի մարում:

«Այսինքն, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, առերևույթ իրենց պաշտոնեական դիրքը օգտագործել են ծառայության շահերին հակառակ, այն է՝ առանց աուդիտորական գնահատման, հիմք ընդունելով խորհրդատվական եզրակացությունը բանակցային գործընթացում ստանձնել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի՝ իրականությանը չհամապատասխանող արժեքով ակտիվների ձեռքբերման համար ստացված վարկի մարման պարտավորությունը։ Միաժամանակ, առանց իրավական հիմքի, 2017-2018թթ. ընթացքում Երևան համայնքի բյուջեից 713.000.000 դրամի չափով մարել են «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ ունեցած վարկային պարտավորությունները՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ»,- ասվում էր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ պարզվել էր, որ  ընկերության պաշտոնատար անձինք իրենց աշխատակիցների դրույքաչափերի սխալ հաշվարկի և հավելավճարների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վերանորոգման համար գումարների դուրսգրման և այդ տրանսպորտային միջոցների վառելիքի գումար դուրս գրելով  20.714.515 ՀՀ դրամ վնաս են պաճառել քաղաքային բյուջեին։

Պաշտոնական լիազորությունները չարաշահելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հետևանքով դեպքի արթիվ Երևանի դատախազության կողմից քրեական գործ էր հարուցվել։ Նախաքննության ընթացքում որպես մեղադրյալներ ներգրավվել էին Միխաիլ Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն), Տիգրան Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն և փաստաթղթերի կեղծում) և Վազգեն Հարությունյանը (առանձնապես խոշոր չափով խարդախություն և փաստաթղթերի կեղծում)։

Դատախազությունից, մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2022 թ․ հունվարին գործը կարճվել է, մեղադրյալների նկատմամբ հետապնդումն էլ դադարեցվել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ 

Հետաքրքիր է, որ գործը կարճվելուց շատ չանցած՝ 2023-ի մայիսին, Վազգեն Հարությունյանը, որը 2018-ից «Փարկինգ սիթի սերվիս»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր (մինչև 2018-ը, հիշեցնենք, նա ընկերության տնօրենն էր)նշանակվեց Երևանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Հենց նրա հետ էլ զրուցել էինք մենք՝ մեր արձանագրած խնդրի վերաբերյալ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով:

 

Ամփոփում

Այսպիսով, վարորդները շարունակում են վճարովի ավտոկայանատեղիներում կայանելիս խոչընդոտների հանդիպել այն դեպքում, երբ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը ունի  պայմանագրային պարտավորություն՝ ապահովելու տրանսպորտային միջոցների՝ ավտոկայանատեղի մատչելի և անվտանգ մուտք գործելու ուղիներ։ Իսկ ոստիկանությունն ու քաղաքապետարանը բավարարվում են միայն երբեմն ստուգայցեր իրականացնելով։

 

Գլխավոր լուսանկարում` Սախարովի հրապարակի վճարովի ավտոկայանատեղին /լուսանկարն արվել է՝ 31.08.2023թ./

Պայմանավորված առավոտյան լույսով լուսանկարում կարմիր գծերի գույնը արտահայտիչ չէր, այդ պատճառով  photoshop-ով գույնն ավելի արտահայտիչ ենք դարձրել:


Ջուլիետտա Հովհաննիսյան






Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել