Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան
 |panorama.am|
14:50 - 11 սեպտեմբերի, 2023

Փաշինյանի քաղաքականության հետևանքով Թուրքիան հայ-ադրբեջանական հակամարտությունում հանդես է գալիս ուղղակի մասնակից. Խաչատրյան |panorama.am|

panorama.am: «Հայաստանի իշխանությունները վախենում են Ադրբեջանից, Ալիևից, դա է պատճառը, որ չեն շնորհավորել Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նշեց, որ այս պահին, երբ Արցախն իր գոյության ընթացքում թերևս  ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբևէ անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը։

«Այդ քաղաքական աջակցությունն այսօր, ցավոք սրտի, Արցախի մեր հայրենակիցները, ողջ հայ ժողովուրդը չի տեսնում։ Դա  հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է  Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ. «Սա նույն պարտվողական դավադիր քաղաքականության հետևանքն է»։

Ա. Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը պետք է կարողանա իր հարցերը լուծել, այլ ոչ թե փորձի ժամանակի ու տարածության  մեջ մեղավորներ գտնել. «Մեղավոր են համանախագահները, նախկինները, քովիդը, գլոբալ տաքացումները… այս իշխանության համար մեղավոր են բոլորը, բացի իրենցից։ Հայաստանի իշխանությունը  պետք է հասկանա, որ իրենք են պատասխանատու  ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ճակատագրի համար»:

Ըստ Ա.Խաչատրյանի, ակնհայտ է՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն կա։

«Այն պայմաններում, երբ 120 հազար հայերի ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ռուսական կողմի ներկայությամբ, այդ լարվածությունը բավականաչափ ռիսկային քայլ է։ Ես չեմ ուզում թյուր պատկերացում ստեղծվի, որ գոհ եմ խաղաղապահ առաքելության իրականացման որակից։ Ոչ, նույնպես բազմաթիվ հարցեր ունենք, բայց այս  պահին այդ ռիսկային  խաղն անհասկանալի է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, Ա. Խաչատրյանը պատասխանց. «Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, այլապես ի՞նչ պետք է լինի»։

Նա նաև նշեց, որ Փաշինյանն ու իր քաղաքական խմբակն իրենց քաղաքականության հետևանքով հայ-ադրդբեջանական հարաբերությունների մեջ բացեցին Թուրքիայի մուտքը, Թուրքիան հանդես է գալիս ոչ թե երրորդ կողմ, այլ  հակամարտության ուղղակի մասնակից և կարողանում է իր պայմանները թելադրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել