Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ինչի՞ մասին է խոսքը․ Վլադիմիր Պուտին
13:03 - 12 սեպտեմբերի, 2023

Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ինչի՞ մասին է խոսքը․ Վլադիմիր Պուտին

Մենք առաջարկում էինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տարբերակները և թաքցնելու ոչինչ չկա. կարծում եմ՝ դա լավ հայտնի է: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվաստոկում ընթացուղ Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի պանելային քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրադրության վերաբերյալ հարցին։

«Հայաստանը հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո վերահսկում էր յոթ շրջանը: Մենք առաջարկում էինք Ադրբեջանի հետ այնպես պայմանավորվել, որ երկու շրջան՝ Քելբաջարը (Քարվաճառ՝ խմբ.) ու Լաչինը (Քաշաթաղ՝ խմբ.) և ամբողջ Ղարաբաղը փաստացի մնային Հայաստանի օրենսդրության ներքո: Սակայն Հայաստանի ղեկավարությունը չհամաձայնեց՝ չնայած մենք 10-15 տարի փորձել ենք համոզել ՀՀ ղեկավարությանը:

Տարբեր տարբերակներ կային, բայց վերջնարդյունքը հենց այդպիսին պետք է լիներ: Մեր հարցին առ այն, թե ինչ եք անելու, նրանք պատասխանում էին՝ կռվելու ենք: Ի վերջո, ամեն ինչ հանգեցրեց այսօր ստեղծված իրավիճակին: Բայց հարցը միայն վերջին հակամարտության արդյունքները չեն»,- ասել է ՌԴ նախագահը:

Նա շարունակել է, որ Հայաստանի ղեկավարը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ և Պրահայի փաստաթղթում դա արձանագրել է։

«Եվ մենք գիտենք դրա մասին, ոչինչ չկա ասելու։ Հիմա Ադրբեջանի նախագահն ինձ ասում է՝ դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը այլևս լուծված է»,- ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ղեկավարությունը այդ մասին հանրային կերպով հայտարարել է՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքի չափը հայտարարելով, որը ներառում է նաև Արցախի տարածքը։

Նա նշել է, որ սա տեղի է ունեցել, և սա ՌԴ որոշումը չէ, սա Հայաստանի ղեկավարության որոշումն է՝ հավելով, որ սրանից հետո իրենց ասում են՝ Ղարաբաղի հետ կապված բոլոր հարցերը պետք է քննարկվեն երկկողմ տարբերակով (ըստ ամենայնի՝ նկատի ունի, որ Ադրբեջանի իշխանությունն է ասում)։

«Իհարկե, այլ հարցեր են առաջ գալիս։ Հարցեր՝ կապված հումանիտար բաղադրիչի և խաղաղապահ մանդատի հետ։ Այո, ճիշտ է, մանդատը գործում է։ Իսկ հումանիտար բնույթի հարցերը՝ այնտեղ ինչ-որ էթնիկ զտում թույլ չտալը, իհարկե չի կորել որևէ տեղ։ Ես դրա հետ ամբողջությամբ համաձայն եմ։ Հույս ունեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ ասել են մեզ և մինչև հիմա էլ ասում են, որ հետաքրքրված չեն որևէ տեսակի էթնիկ զտմամբ, հակառակը հետաքրքրված են, որ այս գործընթացը մեղմ անցնի»,- հայտարարել է Պուտինը։

Այն  դիտարկմանը, որ Հայաստանը ասում է, որ Ռուսաստանը չի օգնում, Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է, Պուտինը արձագանքել է․

«Եթե Հայաստանը ընդունել է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, վերջ, ինչի՞ մասին է խոսքը։ Ահա սա է խնդրի հիմնական բաղադրիչը։ Ղարաբաղի կարգավիճակը որոշել է հենց Հայաստանը։ Այստեղ է ողջ խնդիրը»,- հավելել է նա։

Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսե՞լ է Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ խոսել է Ֆրանսիայի նախագահի և այլ ղեկավարների հետ, ՌԴ նախագահը պատասխանել է, որ Նիկոլ Փաշինյանը մանրամասն նամակ է ուղարկել իրեն։

«Հայաստանի հետ մենք որևէ խնդիր չունենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որևէ խնդիր չունենք, մշտական կապի մեջ ենք միմյանց հետ»,- ընդգծել է Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել