armenpress.am: Հայաստանի ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը կոչ է անում Ռուսաստանի իշխանություններին գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լաչինի միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը:
Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ հայտարարությունների ժամին:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նաև իշխանությանը մեղադրեց հակառուսական տրամադրություններ գեներացնելու, ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու փորձերի մեջ՝ կոչ անելով դադարեցնել դա: Ըստ Օհանյանի՝ արցախահայության թեկուզ և նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները:
«Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնոկրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի ու միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը: Առնվազն քաղաքական կարճատեսություն ու արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց ՌԴ-ի մասնակցության: Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է ՌԴ-ի ակտիվ ներգրավմամբ»,-ասաց Օհանյանը:
Նա անհասկանալի և անընդունելի համարեց տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա չեզոք կառուցողական, միջնորդական քաղաքականությունը:
« Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը՝ գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում մարդկանց և բեռների երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,-եզրափակեց Օհանյանը:
comment.count (0)