ՌԴ-ում տեղի է ունեցել Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային արձակումից ժամեր անց |armenpress.am|
10:10 - 13 սեպտեմբերի, 2023

ՌԴ-ում տեղի է ունեցել Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը՝ Հյուսիսային Կորեայի կողմից նոր հրթիռային արձակումից ժամեր անց |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսային Կորեայի կողմից 2 բալիստիկ հրթիռի արձակումից ժամեր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հանդիպում են անցկացրել Ամուրի մարզի «Վոստոչնի» (Արևելյան) տիեզերակայանում։ Այս մասին հաղորդում է  ТАСС-ը։

«Շնորհակալ եմ, որ չնայած Ձեր զբաղվածությանը, հրավիրել եք մեզ և ջերմ ընդունելություն ցույց տվել», - ասել է Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

Ողջույնի խոսքից հետո կողմերը սկսել են բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը տիեզերակայանում շրջայց է անցկացրել իր հյուսիսկորեացի գործընկերոջ համար և հայտնել, որ նրա հետ քննարկելու է «բոլոր թեմաները»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հարցերը, իրավիճակը տարածաշրջանում և, ընդհանրապես, աշխարհում։

ԱՄՆ-ում կարծում են, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուսական բանակին հյուսիսկորեական զենքերի մատակարարումների հարցը։

Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով Ռուսաստան է ժամանել սեպտեմբերի 12-ին։ Նրանց նախորդ հանդիպումը կայացել էր Վլադիվոստոկում՝ 2019 թ․-ին։

Սեպտեմբերի 13-ի առավոտյան, մինչ Կիմ Չեն Ընը Ռուսաստանում է, ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակել, որոնք, ըստ Հարավային Կորեայի պաշտպանական գերատեսչության, թռել են 650 կմ և ընկել Ճապոնական ծովում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել