Երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը, իսկ ՀՀ դաշնակիցները լուռ են, Հայաստանը պարտավոր էր գալ տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությանը․ Փաշինյան |news.am|
19:51 - 13 սեպտեմբերի, 2023

Երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը, իսկ ՀՀ դաշնակիցները լուռ են, Հայաստանը պարտավոր էր գալ տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարությանը․ Փաշինյան |news.am|

news.am: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որպեսզի արձանագրենք ՀՀ դիրքորոշումները, ես կարծում եմ՝ նախ պետք է արձանագրենք ՌԴ դիրքորոշումները ԼՂ հարցի համատեքստում, որը շատ էական է․ Առաջինը՝ Ալմաթիի հռչակագիրը, կամ ավելի ճիշտ Բելովեժյան համաձայնագրին միանալու մասին Ալմաթիի արձանագրությունը, որը քաղաքական ամրագրում է ստացել Ալմաթիի հռչակագրով, ստորագրել են հետխորհրդային բոլոր պետությունները, բացի Մերձբալթյան պետություններից, այդ թվում՝ ՌԴ-ն և ՀՀ-ն։ Ալմաթիի հռչակագրով արձանագրվել է ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը և նաև մյուս պետությունների։ 

Ես ուզում եմ ասել, որ պետք չէ դեմոնիզացնել Ալմաթիի արձանագրությունն ու հռչակագիրը, որովհետև դա նշանակում է հարված հասցնել, դելեգիտիմացնել ՀՀ անկախությունը»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ խոսել է «կադաստրի վկայականի» մասին՝ նշելով, որ  Ալմաթիի հռչակագիրը Հայաստանի Հանրապետության անկախության միջազգային վկայագիրն է:

Նրա խոսքով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա:

«1993 թվականի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերին Ռուսաստանի Դաշնությունը կողմ է քվեարկել, եթե կողմ չքվեարկեր, այդ բանաձեւերը չէին կարող ընդունվել: Այդ բանաձևերում օգտագործված է հետևյալ ձևակերպումը՝ «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»․ այդ ձեւակերպումների մեջ արձանագրված է Ադրբեջանի եւ տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության սկզբունքը, ուժի կիրառմամբ ձեռքբերումների լեգիտիմացնելու անթույլատրելիությունը եւ այդպես շարունակ:

Լիսաբոնի գագաթնաժողովի այն ձեւակերպմանը, Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ինքնորշման իրավունքի կիրառմամբ եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանա Ադրբեջանի կազմում, այդ ձեւակերպմանը կողմ է եղել նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետությունը վետօ կիրառելու անհրաժեշտություն չէր ունենա եւ նաեւ Ռուսաստանի Դաշնությունն է լիազորել Լիսաբոնի գագաթաժողովի նախագահողին՝ հանդես գալ նման հայտարարությամբ:

2020 թվականի նոյեմբերին եւ դեկտեմբերին ՌԴ-ն հայտարարել է, որ ԼՂ-ն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանի հետ ռազմավարական հռչակագրում ՌԴ-ն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.

ՌԴ դիրքորոշմամբ՝ ԼՂ-ի կարգավիճակը պետք է անորոշ ժամանակով հետաձգվեր: Այդ առաջարկությունը տարածաշրջան է բերել 2022 թվականի հուլիսի վերջին օգոստոսի սկզբին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը եւ Հայաստանին ու Ադրբեջանին է ներկայացրել: ՌԴ ներկայացուցիչ Խովաեվը տարածաշրջան է եկել 2022 թվականի սեպտեմբերին պատասխանը ստանալու համար. առաջինը այցելել է Ադրբեջանը, եղել է սեպտեմբերի 11-12-ին եւ Հայաստան է եկել սեպտեմբերի 13-ին եւ 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: ՀԱՊԿ-ը եւ ՌԴ-ն ՀՀ-ի գրավոր եւ բանավոր դիմումներին՝ կատարել օրենսդրությամբ եւ պայմանագրով սահանված պարտավորությունները, չի արձագանքել: Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի առաջարկին, որը ներկայացրել էր ՌԴ ներկայացուցիչը: Հոկտեմբերի 6-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստան ու Ադրբեջանը ձեռք են բերում պայմանավորվածություն միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի արձանագրության հիման վրա ընդունելու վերաբերյալ: Այդ որոշումը Հայաստանն ընդունել է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նկատառումով, որովհետեւ այն իրավիճակում, երբ Ադրբեջանը գրոհում է Հայաստանի տարածքը ու գրավում է տարածքներ, իսկ Հայաստանի դաշնակիցները լուռ են ու չեն արձագանքում, Հայաստանը պարտավոր էր հոկտեմբերի 6-ին գալ այդ համաձայնությանը` սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արձանագրելու համար: Նրանք, ովքեր ասում են, որ սա սխալ որոշում է, նրանք ասում են, որ Հայաստանը չպետք է լինի ինքնիշխան պետություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել