Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել երեկ Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ
13:53 - 21 սեպտեմբերի, 2023

Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել երեկ Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Ալիևը ներողություն է խնդրել և խոր ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Արցախում ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ։ Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ հարցով երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։

Երկուստեք նշվել է ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ խաղաղապահների աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացմանն ու հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը: Վլադիմիր Պուտինը շեշտել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում գործակցել ռուս խաղաղապահների հետ:

Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել աշխատանքը բանակցային ուղղությամբ՝ հիմքում ունենալով 2020-2022թթ. բարձր մակարդակով եռակողմ հայտնի պայմանավորվածությունները, առաջին հերթին տրանսպորտային կապերի ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատում և Բաքվի ու Երևանի միջև խաղղաության պայմանագրի նախապատրաստում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել