ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ և ափսոսանք է հայտնում այս էսկալացիայի հետևանքով զոհերի և մարդկային կորուստների համար։ Հայտարարության մեջ նշվում է․
«Մենք ի գիտություն ենք ընդունել հրադադարի պայմանավորվածության մասին հայտարարությունները։ Մենք ակնկալում ենք ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում և հրադադարի պահպանում։
ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին թույլատրել անհապաղ և անարգել հումանիտար մուտքը կարիքավոր բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թ․ փետրվարի և հուլիսի հրամանների: Մարդասիրական դերակատարները պետք է կարողանան ազատորեն գործել: ԵՄ-ն և նրա անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել։
ԵՄ-ն կոչ է անում Բաքվին և Ղարաբաղի հայերին հրատապ ներգրավվել համապարփակ և թափանցիկ երկխոսության մեջ։
Ադրբեջանը պատասխանատվություն է կրում ապահովելու՝ ԼՂ հայերի իրավունքները և անվտանգությունը, այդ թվում՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը։ Քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը ռազմական կամ այլ միջոցներով կարժանանա ԵՄ-ի խիստ արձագանքին։
ԵՄ-ն պատրաստ է ձեռնարկել համապատասխան գործողություններ իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։
ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր միանշանակ հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի համաձայն»։
comment.count (0)