Չլուսացած օրեր ու անորոշ սպասում․ արցախցիները՝ Գորիսի հավաքակայանում
11:58 - 26 սեպտեմբերի, 2023

Չլուսացած օրեր ու անորոշ սպասում․ արցախցիները՝ Գորիսի հավաքակայանում

Երեւանից Գորիս ձգվող ճանապարհը արտասովոր լուռ է, հատկապես՝ մեզ՝ լրագրողներիս համար, որ միշտ գիտեն՝ ինչ թեմայով «աղմկել»։ Հիմա այդ աղմուկը միայն մի անուն ունի՝ արցախցի, ու մի հասցե՝ Արցախ, բայց արդեն բառերը չունեն իմաստ, արդեն բառերը չեն հերիքում։

Հասկանալի լռությունը խախտում են պաշտոնական աղբյուրներից մերթընդմերթ եկող անհասկանալի լուրերը, ու մեկ էլ Սարգիսի՝ մեր օպերատորի շարականները՝ ամեն հաջորդ լուրին ավելի սիրտմաշող․

– Տե՛ր, ողորմեա՜, տե՛ր, ողորմեա՜․․․– երգում է նա մի բան, որ Գորիսում դեռ շատ պիտի կրկնեինք։

Իսկ Գորիսում հավաքակայանն է, ուր գալիս են իրենց բնօրրանից Հայաստան տեղահանված եւ Կոռնիձորում հաշվառված արցախցիները։ Գալիս են անվերջ, անընդմեջ, գալիս են հանկարծակի սկսված ձյան պես, որի փաթիլները իջնում են արագորեն, նստում հողին ու բարձրանում հազիվհազ։

Հիմա այդ փաթիլներն իջնում են մեր սրտերին, իջնում են ու քար դառնում, իջնում են ու ծանրանում ընդմիշտ։

Գորիսի հավաքակայանում ասեղ գցելու տեղ չկա, անկեղծ ասած՝ արցունք գցելու տեղ էլ։ Քարսիրտ դարձած՝ աշխատում ենք, լուսանկարում տասնամյակների կյանքը մի ճամպրուկում իբր տեղավորած, եղած–չեղածը փաթեթավորած, մեքենաներին փաթաթած մարդկանց, որ շտապում են մեկ այս, մեկ այն կողմ, մեկ բարձրանում են ավտոբուս, մեկ էլ լսում կազմակերպիչներից մեկի անորոշ ձայնը․

– Գեղարքունիք գնացողնե՛ր, հե՛տ իջեք, մեկ այլ ավտոբուսով եք գնալու։

–Վայք ո՞վ էր գնում, նստե՛ք։

Եվ իջնում են մարդիկ, եւ նստում են մարդիկ, եւ տանում են ավտոբուսները նրանց նոր հասցեներ։ Եվ իջնում են մարդիկ, եւ սպասում են մարդիկ, եւ ո՞վ գիտե՝ ինչպե՞ս չեն խելագարվում մարդիկ․․․

***

Անորոշ սպասման մեջ նկատում եմ մենակ կանգնած մի աղջկա։ Մոտենում եմ, հարցնում՝ Արցախի՞ց եք։ Հաստատակամ ասում է՝ այո։ Հարցնում եմ՝ կհամաձայնե՞ք մի քանի բառ խոսել։ Պատասխանում է՝ առանց տեսախցիկների պայմանով։

22-ամյա Ամալյա Առուշանյանն է՝ լեզվաբան Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից։ Ներողություն եմ խնդրում ցավոտ հարցերի համար, խնդրում հիշել սեպտեմբերի 19-ը՝ Ադրբեջանի վերջին հարձակման օրը։

–Կուզե՞ք մաքսիմալ անկեղծ ասեմ․ որպես արցախցի՝ հիմա իմ համար ընդհանրապես դժվար չէ էդ ամեն ինչը վերհիշելը, որովհետեւ արդեն սովորական է դարձել,– ասում է Ամալյան, ու գետերը հոսում են աչքերից,– Չէ, խաբեցի, դժվար է։

Հարձակման ժամանակ Ամալյան իր աշխատավայրում՝ դպրոցում է եղել, աշակերտներն են լուր բերել, թե թշնամին հարձակվել է կողքի գյուղերի վրա, բայց Ամալյան չի հավատացել, մտածել է՝ հերթական մի բան է, որ կանցնի, կգնա։ Հետո, երբ ձայներն արդեն իրենց են հասել, չի մնացել այլ բան, քան դպրոցի ապաստարան իջնելը․ 

«Հետո մեր հարազատները եկան, մեզ տուն տարան, ով ում կարողացավ, տարավ․․․  Հետո սկսվեց ցերեկային ժամը, երբ էլի կային կրակոցներ․ իմ փոքրիկ քույրիկը շատ վատ վիճակում էր, առողջական խնդիրներ ունեցավ․․․ Հետո եկավ գիշերը, գիշերվա ժամանակ երկինքը ընդհանրապես սեւ չէր, կարմիր էր, ինչի՞, որովհետեւ իրենք շատ պրոֆեսիոնալ ձեւով էին կազմակերպել էս ամեն ինչը, չորս կողմից լայնամասշտաբ գալիս էին, իսկ մեր բանակը գտնվում էր շատ վատ, ոչ կազմակերպված վիճակում․․․ Հետո մի անգամ եկավ ինքնաթիռի հարվածը, էդ գիշեր մենք ընդհանրապես չենք քնել, կապ չկար, չէինք կարողանում տեղեկանալ դիրքերում գտնվող մեր եղբայրների մասին․․․ Բոլորս վախեցած մտել էինք ապաստարանը, էնտեղ էլ չէր ապահով, ոչ մի տեղ էլ ապահով չէր, էդ գիշեր ընդհանրապես չլուսացավ մեզ համար, տենց էլ մութ մնաց»։

Հաջորդ օրը, երբ պաշտոնապես հաղորդվեց, որ ռուս խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռքբերվել 13։00-ին կրակը դադարեցնելու մասին, այն, ըստ Ամալյայի, չի դադարել․  «ժամը մեկի դադար կոչվածից հետո էր, որ ես կորցրի իմ եղբորը, ում մենք զոռով բերում ենք էստեղ, որ մեզ հետ տանենք, որ էնտեղ չմնա իր շիրիմը»,– լացը զսպելով՝ ասում է նա։

– Տե՛ր, ողորմեա՜, տե՛ր, ողորմեա՜․․

***

Հարձակման հաջորդ օրը Ամալյան տեղափոխվել է Ստեփանակերտ․ հարցնում եմ՝ ողջ ընտանիքո՞վ։ Գերդաստանով՝ պատասխանում է․ «Մենք գնացինք օդանավակայան, որտեղ ռուսների բազան է գտնվում՝ համարելով, որ էնտեղ ռուսներին մոտ ենք, հարձակում չի լինի, բայց ռազմաբազան Ասկերանի պոլկի մոտ է, էնտեղ էլ էին հարձակումներ կատարում՝ Ասկերանի զորամասի վրա, էլի վախենում էինք, բայց արդեն մի տեսակ անտարբեր, առանց զգացմունքի վախ էր, մենք արդեն դրան սովորել էինք, հասկանո՞ւմ եք»,– ասում է նա՝ Արցախի սարերի պես կանաչ ու ջրերի պես լցված աչքերն ուղղելով ինձ։ 

Իսկ ես չգիտեմ՝ հայացքս ուր փախցնեմ, երբ չորսբոլորը նույն ողբերգություն է։

Օդանավակայանում ընտանիքը մնացել է 2 կամ 3 օր, Ամալյան ասում է՝ երկար է թվացել, չի հիշում հստակ․ «Անընդհատ լուրեր էին գալիս, որ պրծնում է կամ որ գյուղում էսինչին են մորթել, մտել, դրոշն են դրել․․․ Գիտեք՝ էդ տագնապահար վիճակը, որ չես կարողանում ոչ ոքի հետ կապ հաստատել․․․ Միայն ռազմաբազայի տարածքում էր, որ կապ կար, դա էլ ռուսների շնորհիվ, Ստեփանակերտ ընդհանրապես լույս չկար․․․ Էդ անորոշ վիճակը համ ճիշտ, համ սուտ ծնում էր»։

Հաջորդ օրը, երբ իսկապես կրակը դադարեց, Առուշանյանները որոշեցին գյուղ չվերադառնալ․ «Ոչ ոք չէր ուզում հետ գնալ, մտնել Հաթերք կամ մնալ Արցախի տարածքում, որովհետեւ էդ արդեն ինքնասպանության տիպի բան է կամ կամավոր ստրկության»,– ասում է նա։

Ադրբեջանական անցակետում, Ամալյայի խոսքով, ամեն ինչ հանգիստ է անցել, առանց մանրակրկիտ ստուգման․ «Անցակետի մոտ մեզ համար շատ սովորական էր, տեսել ենք համ թուրքեր, համ ռուսներ, համ հայեր, մանրակրկիտ, խորը չեն զննել մեքենան, փաստաթղթերն էլ ինչքան գիտեմ, չեն նայել, դուռը բացեցին, նայեցին, վերջ, գնացեք, կարողա էնտեղ ապարատ կար իրականում, որ ստուգում էր, չգիտեմ»,– ասում է նա՝ հավելելով, որ լսել է՝ խմբին մանրակրկիտ զննում են, երբ անձանցից մեկի մոտ զենք է հայտնաբերվում։

Ընտանիքն իր հետ հազիվ սնունդ է վերցրել, հագուստ ու անկողին, բայց մարդիկ կան, ասում է Ամալյան, որ դա էլ չեն հասցրել կամ էլ չեն ուզել․ «Օրինակ՝ իմ տատիկը՝ տարիքով կին, շատ բան է տեսել իր կյանքում, ասել է՝ վերցնում եմ, ի՞նչ անեմ, անցած անգամ էլ՝ 44–օրյայի ժամանակ տարա շորերս, կոշիկներս, ի՞նչ եղավ»։

Ամալյան ասում է՝ ամեն դեպքում, ինքն իր տունը տխուր չի հիշում, ցավով է հիշում, բայց ոչ տխուր, սիրուն է հիշում ու սիրով․ «Մինչ էդ մենք 274 օր մնացել ենք բլոկադայում, որն էլի իր հետ լիքը դժվարություններ է բերել, ու արդեն էդ ամեն ինչը մեզ չի թողել, որ երջանիկ պահեր կուտակվեն կամ ստեղծվեն, բայց ես մեր տանը տխուր չեմ հիշում, նույնիսկ դուրս գալիս նկարել եմ մեր տունը, մեր հայաթը, մեր մեքենաները, որովհետեւ էնտեղ լիքը բաներ ենք թողել»։

Հարցնում եմ՝ իսկ դուռը փակե՞լ եք, պատասխանում է՝ հայրը չի թողել, որ երբ թշնամին գա, չկոտրի, վնաս չտա․ «Բայց որ շատ խորը մտածում ես, իմ պապաս 50 տարեկան մարդ ա, սաղ կյանքը տվել ա, մեզ համար տուն սարքել, հիմա ինքը էդ ամեն ինչը թողել ա ու նորից պիտի սկսի, ու արդեն զրոյից չէ, չգիտեմ՝ էլ որտեղից»։

Հարցնում եմ՝ իսկ ձեզ մոտ որեւէ խնդիր կա՞ այս պահին, որ առաջնահերթ լուծման կարիք ունի, պատասխանում է՝ կա, հետո էլ, թե խնդիրների լուծումը մենք գիտենք, միայն մի խնդիր կա, որի լուծումը մեր ձեռքին չէ, քանի որ Արցախը արդեն չկա․ «Աստված տա, չգիտեմ՝ ինչ տիպի հզոր լինի հայկական բանակը, որ կարողանա հետ վերցնել էդ ամենը, բայց տա Աստված, որ էնքան ուժեղ ու գիտակից լինենք․․․ Մենք մեր ազգին չենք սիրում, մենք մեզ պետք է սիրենք, որ կարողանանք հաղթել, մենք մեր հույսը մեզ վրա պետք ա դնենք, որ կարողանանք հաղթել, ու ռուսը չի մեզ պահողը, ոչ էլ ամերիկացին, մենք ենք մեզ պահողը, ու ես համոզված եմ՝ լինի 50 թե 60 տարի հետո, եթե ՀՀ–ն խելացի գտնվի, մենք անպայման հետ ենք վերցնելու էդ ամեն ինչը՝ թե՛ Շուշիի տանկը, թե՛ «Մենք ենք մեր սարերը» արձանը, թե՛ Քարվաճառի լեռները, թե՛ մեր եկեղեցին, թե մեր խաչերը, որ ամեն մի գյուղում դրված էին, ամեն–ամեն ինչը»,– ասում է Ամալյան՝ վստահեցնելով՝ մենք չենք պարտվել ո՛չ էս կռվում, ո՛չ էլ 44–օրյա կռվում, մեր տղաները մինչեւ վերջ կռվել են։

Ապագա անելիքների մասին Ամալյան չի խոսում, ասում է՝ դա հոր գործն է։ Առաջ պլանավորել էր գյուղում լեզվի կենտրոն բացել, դրա շեմին էր, հիմա՝ Գորիս–Վայք ճանապարհի շեմին․ գիտի, որ իրենց այնտեղ են տեղափոխելու։ Իսկ մինչ այդ դեռ պիտի ձգվի ծանր սպասումը․ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն եղբոր դին է բերում։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել