Ինչպես արդեն հայտնել ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանտա Փաուերը Հայաստանում է։
Նա Կոռնիձորում պատասխանեց լրագրողի հարցին, թե ժամանակը չէ՞, որ միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն ավելի կոշտ մեթոդների դիմեն Ադրբեջանի նկատմամբ, ինչպես պատժամիջոցներն են։
«Նախագահ Բայդենի հանձնարարականով ես այստեղ եմ եկել, որ խոսեմ իշխանությունների, ՀԿ-ների, այն անձանց հետ, որոնք այդ սոսկալի իրավիճակից փախուստի են դիմում։ Եվ ես ու նախագահ Բայդենը անչափ կարևորում ենք այն հարցի հրատապությունը, թե ինչ հետևանքներ պիտի ունենա, և որի մասին դուք շատ հարցեր եք տալիս»,- ասաց նա։
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով ինքը դրա համար է նաև Կոռնիձորում, որ տեղում իրավիճակին, փաստերին ծանոթանա, ականատեսներին լսի և խորհրդակցի տարածաշրջանի, մասնավորապես նաև ՀՀ իշխանությունների հետ
«Եվ երբ ես վերադառնամ Վաշինգտոն, պատմեմ այն պատմությունները, որ լսել եմ ականատեսներից, այդ ամենն, անշուշտ օգնելու է, որ նախագահն ու վարչակազմը դիտարկվող տարբերակներից ընտրեն՝ որը կիրառվի։ Ես ուզում եմ նշել, որ ակտիվ քննարկվում են ձեռնարկվող միջոցների մի քանի տարբերակներ։ Այստեղից գնալով՝ ես ներկայացնելու եմ՝ ինչքան ծանր է իրավիճակը ԼՂ-ում»,- ասաց նա։
comment.count (0)