Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան
10:44 - 27 սեպտեմբերի, 2023

Սամվել Բաբայանը խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել․ Տիգրան Աբրահամյան

Սամվել Բաբայանը Հ1-ի եթերում խոստովանել է, որ առանց Արցախի իշխանության գիտության, Ադրբեջանի հետ շփումների մեջ է եղել, առաջարկներ փոխանցել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Մեր երկրում, եթե շարքային քաղաքացին Ադրբեջանի հետ կապի դուրս գա` ցանկացած թեմայով, ԱԱԾ-ն նվազագույնը համապատասխան աշխատանք կտանի:

Արցախի երկրորդ ուժի առաջնորդը` ինքն է շատ սիրում այդպես ներկայանալ, իր ընտրողներին, իր քաղաքական ուժին, ժողովրդին թողել է աղետի մեջ` պատերազմ, խոշոր պայթյուն, հայրենազրկում, առաջիններից մեկը դուրս եկել Արցախից, իսկ հիմա Հ1-ի եթերում ուրախ-զվարթ խոստովանություններ է անում:

Հայաստանի ԱԱԾ-ն պետք է պարզի, թե ինչպե՞ս, ու՞մ միջնորդությամբ և ի՞նչի շուրջ է Բաբայանը խոսել Ադրբեջանի հետ` իր պատմած հեքիաթները մի կողմ:

Հ․Գ. Մինչ Արցախում մարդիկ ճակատագրի ու դավաճանների հարվածների ծանր հետևանքներն են կրում, Սամվել Բաբայանը հայաստանյան իշխանության օրակարգն է սպասարկում, մեղադրում մարդկանց, ովքեր մինչև վերջին պահը փորձում են կյանքեր փրկել, Ադրբեջանին զսպել», - գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ իրենք Ադրբեջանի հետ համաձայնության են եկել «ավտոնոմ ռեսպուբլիկա» ստեղծելու մասին։ 

«Մենք կարող էինք 4400 քկմ տարածքի վրա ստեղծել ավտոնոմ կետ առ կետ գրված 23 կետի մասին, ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենալ: Այս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ ոչ մեկն այդ մասին իրեն չի հարցրել, որևէ հավաքի չեն հրավիրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել