Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին
19:02 - 28 սեպտեմբերի, 2023

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեին: Այս մասին հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են ԼՂ-ի հայերի հայրենազրկման հետեւանքով առաջացած խնդիրները: Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի եւ Հայաստանի իրական դաշնակիցն է ու համոզմունք հայտնել Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությամբ Ֆրանսիայի ջանքերի շարունակականության վերաբերյալ: Նա նշել է՝ ակնկալում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը եւ Սենատն իրենց վերաբերմունքը կարտահայտեն տեղի ունեցած եւ ընթացող ողբերգական իրադարձությունների վերաբերյալ:

Ֆրանսիացի գործընկերն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնել ԼՂ ժողովրդին եւ նշել, որ կներդնի բոլոր ջանքերն իրավիճակի կայունացման հարցում: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող անհանգստություններին, որոնց անմիջական կրողն է նաեւ Հայաստանը:

Մտքեր են փոխանակվել միջազգային հանրության կողմից ադրբեջանական քաղաքականության դատապարտման անհրաժեշտության շուրջ: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի կողմից Ֆրանսիայի խորհրդարանում հնչեցրած՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու հայտարարության համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել