ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստվում է Հայաստանում ընդունել մինչև 120 000 մարդու
12:08 - 30 սեպտեմբերի, 2023

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը պատրաստվում է Հայաստանում ընդունել մինչև 120 000 մարդու

Մոտ 88 000 մարդ Լեռնային Ղարաբաղից մուտք է գործել Հայաստան, և նրանց ընդհանուր թիվը կարող է հասնել 120 000-ի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների գործակալության պաշտոնյան ուրբաթ օրը՝ նշելով, որ այս թիվը հասնում է արդեն ԼՂ ողջ բնակչության թվին։

Նշենք, որ ըստ ՀՀ կառավարության տվյալների՝ սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 417 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն, հաշվառված է 81 139-ը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ Կավիտա Բելանին ՄԱԿ-ի օնլայն մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հոգնած և հուսահատված մարդկանց հսկայական խմբերը հավաքվում են գրանցման կենտրոնների մոտ։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Սա իրադրություն է, որում նրանք եղել են 9-ամսյա շրջափակման պայմաններում։ Եվ երբ նրանք մուտք են գործում, նրանք լցված են անհանգստությամբ, նրանք վախեցած են, նրանք հուսահատված են և պատասխաններն են ցանկանում»,- ասել է նա։

Պատասխանելով հարցին, թե քանի մարդ է ԼՂ-ից գալու, ՄԱԿ-ի պաշտոնյան ասել է, որ պատրաստ են ընդունել մինչև 120 000 մարդու, ու շատ դժվար է կանխատեսել, թե քանիսն են գալու։ Նա նշել է, որ նախնական պլանավորմամբ թիվը տատանվում էր 70 000-ից 90,000-ի միջև, բայց դա, ըստ նրա, թարմացման կարիք ունի։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային տնօրեն Ռեջինա դե Դոմիչիսն էլ հայտնել է, որ մոտավորապես, ամեն երրորդ «փախստականը» երեխա է․ «Մեզ համար ամենամեծ անհանգստությունն այն է, որ նրանցից շատերը բաժանված էին իրենց ընտանիքից»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Կարմիր մահիկի ընկերությունների ներկայացուցից Հիչամ Դիաբն էլ ասել է, որ «փախստականները» հոգեբենական աջակցության կարիք ունեն։

ԿԽՄԿ պաշտոնյաներից Կարլոս Մորացանին նշել է, որ իրենք հինգշաբթի օրը մոտ 200 դի են հանել ԼՂ-ից։ Նրա խոսքով այդ մարդիկ վառելիքի պահեստի պայթյունի և վերջին մարտերի զոհերի դիերն էին։

Ըստ Reuters-ի՝ առաջիկայում կենտրոնացումը կլինի մյուսներին սննդով և հիգիենայի պարագաներով աջակցությունը։

«Մենք ծրագրում էինք, որ տարհանումը ավելի երկար ընթացք կունենա։ Տարհանումներն այս շաբաթ շատ արագ ընթացան, շատ մեծ թվով էին մարդիկ, բայց դրա հետևանքով շատ մարդիկ գումար կամ տրանսպորտային միջոց չունենալու պատճառով մնացել են տեղում»,- ասել է Կարլոս Մորացանին։

 

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել