«Սա լավ կյանք չի, չէ․․․»․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը դեռ չի պատկերացնում իր կյանքը տանից հեռու
16:10 - 01 հոկտեմբերի, 2023

«Սա լավ կյանք չի, չէ․․․»․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը դեռ չի պատկերացնում իր կյանքը տանից հեռու

Աշխարհի ամենաերկար՝ գաղթի ճանապարհից հոգնած ու մռութները կախած փոքրիկ տղան բացում է գունավոր տուփը, որի միջից թափվում են կոնֆետներ։ Նա ոտքերը գետնին խփելով նվնվում է, ընկնում խոտերի վրա ու սկսում լաց լինել հողի մեջ՝ դեմքը խոտերին դրած։ Գրպանումս երկու կոնֆետ կա, այն սպիտակ կլորիկներից, որոնք արջուկի տեսք ունեն։ Մոտենում եմ տղային, կոնֆետները դնում սպիտակ թաթիկների մոտ, նա լացը կտրած, զարմացած ինձ է նայում։ 

- Կկանգնե՞ս, ձագ ջան, հողը խոնավ է,- ասում եմ,- կանգնի, կուզե՞ս նկարեմ քեզ այ սրանով,- ցույց եմ տալիս ֆոտոխցիկը, որ միշտ հետաքրքիր է երեխաներին։ Տղան գլխով է անում՝ չհասկանալով էլ՝ էս ով է, ինչ է խոսում։ Նա ընդհանրապես չի ժպտում։ 

Չորսամյա Մաքսն իր ընտանիքի հետ Վայքի մշակույթի տան մոտ սպասում է, թե որտեղ է տանիք գտնելու երրորդ անգամ։ Նա մոր, քույրերի, տատի ու մյուս հարազատների հետ ժամերով ընդունման կետի բակում է, մեկ մեքենայում, մեկ՝ բակում, մեկ՝ մոր գրկին։ Նրանց ընտանիքը 44-օրյա պատերազմի ժամանակ կորցրել է տունը Շուշիում, հիմա՝ Ստեփանակերտում։ Քույրերին՝ Անիին ու Իրային, հարցնում եմ՝ շտեղանա՞ եք, չեն ասում՝ ստեփանակերտցի, այլ երկուսով միաձայն՝ շուշվեցի։

Անին եւ Իրան

Շուշվեցի քույրերը կարմիր սվիտրներով կարմիր մեքենայի մեջ սպասում են։ Խոսում են, խաղ անում, լռում, աչքերը կկոցելով նայում արեւին, կարմի՞ր է, թե՞ դեղին։ Ի տարբերություն իրենց եղբայրիկի, նրանք մի քիչ ավելի ժպտադեմ են։ Իրենց լուսանկարները տեսնելուց ավելի են ոգեւորվում՝ էդ միանգամից ցույց ա՞ տալիս։ Ինն ու տասնամյա աղջիկները Ստեփանակերտում երաժշտական դպրոց էին գնում, նրանցից մեկը կիթառ է սիում, մյուսը՝ ջութակ։ Կարոտել են իրենց ընկերներին։ Բայց չգիտեն՝ նրանցից ով է եկել, ասում են՝ կեսը՝ գնում են Երեւան, կեսը՝ Ռուսաստան։ Երբ պատերազմն սկսել է, տանը խաղալիս են եղել։ 

- Շատ ե՞ք վախեցել,- հարցնում եմ։ 

Անին Իրային է ցույց տալիս հայացքով՝ ինքը հա, ես չէ։ 

- Էդ ո՞նց։ Անին թոթվում է ուսերը, թե՝ եսի՞մ։

Այդ «եսիմ՝ ոնց չեմ վախեցել»-ից ես հիշեցի, որ 2020թ․ ձմռանը Մարտունիում մի փոքրիկ աղջիկ ինձ պատմում էր, որ հակառակորդը հրթիռակոծել է քաղաքը, իսկ նրա ընկերուհին ուղղում էր՝ էդ օրը Մարտունին չի հրթիռակոծվել, ռմբակոծվել է։

- Մեզ պադվալ չկա, մեր տոնը լոխ առաջին հարկ ա, մեր տոնը պադվալ ա իլալ,- պատմում է Անին, - մեր տան վրա էլ են կրակալ, պենը, էն վերջումը, թխում էր Ստեփանակերտի մեջ։

Մեր զրույցին միանում է երեխաների տատը՝ Աիդա Մկրտումյանը։ «Հա՜, Շուշիից ընք, դուրս եկալ, եկալ ընք Ստեփանակերտ․․․ Տունս-տեղս թողած․․․ Թողալ ընք, եկալ, հինչ ա՞նինք, Ստեփանակերտա տուս են արալ, հլա չգիտեմ՝ շտեղընք մնալ, սպասում ընք տեսնանք, գրանցում անեն, տեսնանք, ինչ են ասում»,- պատմում է նա։ Հարցնում եմ՝ այստեղ կյանքը ո՞նց են պատկերացնում, ո՞նց են ապրելու․ «Ի՜հ, հինչ ա՞սիմ, սա լավ կյանք չի, չէ․․․»։

Տիկին Աիդան

Հետո տատիկը երեխաների ձեռքից բռնած՝ գնում է ընդունման կետի մոտ, որտեղ քաղցրավենիք են տալիս։

Վայքի մշակույթի տան մոտ այսօր էլ հարյուրավոր արցախցիներ են հավաքված․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հաշվառում են այստեղ, առաջնային կարիքների գնահատում անում, կացարան գտնում նրանց համար, տրամադրում նոր հեռախոսահամարներ։ Այստեղ նրանց հատկացվում են հիգիենայի պարագաներ ու սնունդ, ովքեր կարիք ունեն՝ նաեւ այլ իրեր, այդ թվում հագուստ են վերցնում, որոնք հավաքվել են հումանիտար օգնության տարբեր նախաձեռնությունների ու անհատների միջոցով։ 

Կամավորներ

Ի տարբերություն տեղահանության ու ՀՀ-ում մեր հայրենակիցներին տեղավորելու առաջին օրերի՝ այսօր ընդունման կետում գործընթացն ավելի համակարգված է։ Բացի դրանից՝ հիմա հոսքն ավելի թեթեւ է․ արդեն 100 հազարից ավելի անձ ժամանել է ՀՀ։

Կամավորներ

Տասնյակ կամավորներ վազքի մեջ փորձում են օգնել հերթում սպասող բոլոր մարդկանց, առաջնահերթ՝ տարեցներին ու երեխաներին։ 

Ընդունման կետի բակում նաեւ վրաններ են տեղադրվել, որտեղ քաղաքացիները կարող են սնվել ու հանգստանալ։

Ընդունման կետի բակում իր երեխաների հետ կանգնած է Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից տեղահանված Սոնյա Սահակյանը։ Նրա երեխաները փոքր են, ամեն մեկը մի զբաղմունք գտել է։

Սոնյան

Երբ կռիվը սկսվել է, նրանց ընտանիքն էլ, սովորականի պես, տանն է եղել։ Հետո գյուղապետը հանել է գյուղից, Ստեփանակերտ են գնացել, որովհետեւ այլեւս ապահով չի եղել մնալը․ «Տուն-տեղ թողած եկել ենք, ուրիշի տանն ենք մնում, տեսնենք՝ ոնց ենք անում»,- ասում է ու աչքերը լցնում։ Ներսիկը՝ նրա որդին, տեսախցիկը տեսնում, չարաճճիություն է անում, քույրը՝ Լիլիան, եղբոր ուսի հետեւից թաքուն նայում է։

Լիլիան ու Ներսիկը

Մշակույթի տան դահլիճում՝ հերթից հեռու, միայնակ նստած է մի տարեց կին։ Նրա ոտքերի առաջ մի քանի տոպրակ է դրված․ այն իրերն են, որը Սվետիկ տատը հասցրել է վերցնել իր հետ Մարտունու շրջանի Ճարտարի գյուղից դուրս գալուց։ Նրա ամուսինը մահացել է, տղան՝ զոհվել 44-օրյա պատերազմում վիրավորում ստանալուց։ Սվետիկը մեն-մենակ է։ Նա անորոշ հայացքով նայում է ուղիղ իր դիմաց, որտեղ այլ տեղահանվածներ հագուստ են ջոկում իրենց համար։ 

Սվետիկ տատը

- Ներվերս չի հերիքում արդեն,- անհանգիստ ասում է տատը։ Նա արդեն մի քանի ժամ է՝ այդտեղ նստած է, ասել են՝ սպասի, որ հենց ավտոբուսը լինի, իրեն ճանապարհեն։ Կարմիր խաչն է հոգալու նրա տեղափոխման հարցը։ Տատը խնդրում է իրեն հեռու գյուղեր չուղարկել։ Կամավոր երիտասարդները գալիս, նրա որպիսությունն են հարցնում, նոր հեռախոսահամար բերում, նրան օգնում՝ գնալ-գրանցվել, ու փորձում տատի խնդրանքն անել՝ հեռու տեղ չուղարկել։

«Թուրքի տունը քանդվի, չվայելեք էդ տունը, ես չվայելեցի, հիմա էլ դուք չվայելեք, քոչվորի կյանք եմ վայելում օր ծերության»,- սիրտը լցնում է տատը։ Երազիս իմ տատին եմ տեսել, չէր գտնում իր հաստ շալը, հետո գտավ խոնավ, գցեց ուսերին, էլ չեմ հիշում։ Չգիտեմ՝ ինչ զուգադիպություն է, բայց Սվետիկ տատն ինչ-որ անհանգիստ շարժումներ է անում հանկարծ, տոպրակներն է բարձրացնում, ու քթի տակ ասում․ «Մի հատ մեծ, քառակուսի շալ ունեի, ուր ա, է, չեմ գտնում, ո՞ւր թողեցի։ Չհասցրի մի նորմալ բան վերցնեմ, էնքան արագ ասին՝ դուրս պիտի գաք»։ Սվետիկ տատին ասում եմ՝ գուցե գնանք իր համար էլ հագուստ նայենք, ասում է՝ թող նայեն նրանք, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն։ Երբ կամավորները նրան գալիս են օգնելու, ասում է՝ կներեք, որ ձեզ խանգարում եմ, մի բաժակ ջուր են տալիս՝ ցածրաձայն ասում է՝ «մերսի շատ, լավ մարդիկ մնացել են․․․»։

30.09.2023
Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել