Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
14:53 - 02 հոկտեմբերի, 2023

Մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի Կիպրոս-Հայաստան համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված եւս մեկ բանաձեւի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիան եւ էթնիկ զտումների քաղաքականությունը:

Նա բարձր է գնահատել սեպտեմբերի 28-ին Դուբլինում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Կիպրոսի խորհրդարանի նախագահ Անիտա Դիմիտրիուի սկզբունքային ելույթը, որտեղ բարձրաձայնվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացվող ոճրագործությունները, կոչ է արվել միջազգային հանրությանն անհապաղ քայլեր ձեռնարկել՝ էթնիկ զտումները կանխելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածներին վերաբերող հումանիտար խնդիրներ: Կիպրոսցի խորհրդարանականները նշել են, որ համերաշխության նշանաբանով են առաջնորդվում Հայաստանի հանդեպ եւ պատրաստ են հնարավորինս աջակցել: Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մեր երկրները միեւնույն մարտահրավերներն ունեն եւ խաղաղասիրությամբ եւս նման են, ուստի մեկը մյուսի ցավի հանդեպ առավել զգայուն են:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ օրենսդիր մարմինների երկկողմ օրակարգային հարցեր՝ երկուստեք կարեւորելով խորհրդարաններում գործող համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովների կարեւոր դերակատարությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել