Աշխատանքի առաջարկներ բռնի տեղահանված արցախցիների համար․ թարմացվող
18:15 - 04 հոկտեմբերի, 2023

Աշխատանքի առաջարկներ բռնի տեղահանված արցախցիների համար․ թարմացվող

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով ՀՀ պետական գերատեսչություններն ու մասնավոր մի շարք կազմակերպություններ աշխատանքի հայտարարություններ են հրապարակել։ Դրանք ներառում են ամենատարբեր բնագավառներ՝ բանկային ոլորտից մինչեւ կրթություն, սպասարկման ոլորտից մինչեւ ծրագրավորում եւ ոչ միայն։

Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունների մասին ամփոփ տեղեկություններ՝ կից հղումներով։

Պետական ոլորտ

  • ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված եւ աշխատանք փնտրող անձինք կարող են workforall.am հարթակում առցանց ծանոթանալ ՀՀ-ում այս պահին առկա շուրջ 4500 թափուր աշխատատեղերին, որ հավաքագրվել են Միասնական սոցիալական ծառայության կողմից։ Ֆիլտրման գործիքակազմի միջոցով հնարավոր է ընտրել աշխատանքի ցանկալի ոլորտը, մարզը, աշխատավարձը եւ այլն։
    Հիշյալ անձինք կարող են նաեւ հաշվառվելու նպատակով մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (հասցեները՝ այստեղ), որից հետո կիրականացվի կարիքների գնահատում եւ կառաջարկվի համապատասխան աշխատանք:
  • Առանձին եւ մանրամասն հայտարարություններով հանդես են եկել նաեւ պետական տարբեր գերատեսչություններ։ Մասնավորապես, Առողջապահության նախարարությունը հրապարակել է բարձրագույն եւ միջին բժշկական կրթություն ունեցողների համար ՀՀ-ում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է:
  • ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին հրապարակում է արել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը՝ նշելով, որ համապատասխան տեղեկությունը կարելի է գտնել  license.emis.am հարթակում։ Ի լրումն այս հայտարարության՝ նշենք նաեւ, որ «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» կազմակերպությունն էլ մեկնարկել է Արցախից բռնի տեղահանված այն անձանց գրանցումները, որոնք հետաքրքրված են կրթական ոլորտում եւ դպրոցներում աշխատանքով․ «Բոլոր գրանցվողների հետ առաջիկայում կապ կհաստատենք եւ կփորձենք հնարավորությունների շրջանակներում թիրախային օժանդակություն ցուցաբերել»,- նշել է կազմակերպությունը։ Գրանցման հղումը կարող եք գտնել այստեղ։
  • Արդարադատության նախարարությունը հրապարակել է Նախարարությունում եւ ենթակա մարմիններում թափուր աշխատատեղերը՝ Երեւանում եւ գրեթե բոլոր մարզերում: Թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կից ներկայացված են նաեւ աշխատավարձերի չափերն ու այլ կարեւոր տեղեկություններ:
  • Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը՝ Դատական դեպարտամենտը, հայտնել է, որ ՀՀ դատական իշխանությունը պատրաստ է աշխատանքի ընդունել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված դատական ծառայողներին՝ ՀՀ-ում գործող դատարաններում առկա թափուր հաստիքներում․ «Հետաքրքրված բոլոր անձանց, որոնք ցանկանում են իրենց փորձը, գիտելիքները ծառայեցնել Հայաստանի Հանրապետության դատական համակարգին, կարող են իրենց ինքնակենսագրությունը ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Առաջին իսկ հնարավորության դեպքում Դատական դեպարտամենտը նրանց կներգրավի աշխատանքի»,- ասված է հայտարարության մեջ։
  • Աշխատանքի եւ պրակտիկայի հնարավորություն է առաջարկել նաեւ Ֆինանսների նախարարությունը։ Դրա համար անհրաժեշտ է ինքնակենսագրականներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
  • Մի շարք թափուր հաստիքներ էլ առկա են Շրջակա միջավայրի նախարարությունում։

Մասնավոր ոլորտ

  • staff.am կայքը, որ ներառում է հայկական շուկայի գործատու ընկերությունների աշխատանքային հայտարարությունները, գործարկել է արցախցիների համար առանձին հարթակ, որտեղ զետեղված են աշխատանքի հարյուրավոր առաջարկներ ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում։
  • Աշխատանքի բազմաթիվ հայտարարություններ էլ գործատուներն ու անհատ քաղաքացիները հրապարակել են սոցիալական կայքերում։ Ֆեյսբուքյան օգտատեր Ռուզաննա Սաֆարյանը հավաքագրել է այդ հայտարարությունները մեկ ցանկում՝ ուշադրություն դարձնելով հատկապես ուսուցիչների, բուժաշխատողների, վարպետների, արհեստագործների, արտադրության ոլորտի մասնագետների, վարորդների, շինարարների, գեղեցկության, սպասարկման եւ թիրախային այլ ոլորտի հաստիքները․ «Ընկերներ ջան, անչափ գնահատում եմ էն աշխատանքը, որը HR համայնքը կատարում է էս օրերին՝ արցախահայերին աշխատանքի հարցում աջակցելուն ուղղված։ Այնուամենայնիվ, գիտակցում եմ, որ մեր հայրենակինցերի մի մասին բավական ժամանակ պետք կլինի՝ ՀՀ-ում, հատկապես՝ որոշ ոլորտներում, արդեն իսկ ընդունված գործընթացներին ծանոթանալու, թվային գործիքներին տիրապետելու ու տարբեր հմտություններ ձեռք բերելու համար։ Այդ իսկ պատճառով կազմել եմ ստորեւ բերված ցանկը, որտեղ ամփոփել եմ ՀՀ-ում ներկայումս թափուր հաստիքները եւ Արցախի մեր հայրենակիցների համար նախատեսված հաստիքները՝ ըստ ոլորտների»,- գրել է նա։ Ցանկը թարմացվող է, այս պահին ներառում է շուրջ 500 հայտարարություն։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել