ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին
 |armenpress.am|
12:13 - 06 հոկտեմբերի, 2023

ՀՀ-ին ցուցաբերել անվտանգային աջակցություն, կասեցնել Ադրբեջանին օգնությունը. ԱՄՆ կոնգրեսականները դիմել են Բլինքենին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակով դիմել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերին՝ կոչ անելով անվտանգային աջակցություն ցուցաբերել Հայաստանին, կասեցնել Ադրբեջանի ռազմական օգնությունն ու շարունակել հումանիտար աջակցություն ցուցաբերել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց:

Կոնգրեսականները ԼՂ-ի վրա Ադրբեջանի վերջին հարձակման պայմաններում կոչ են անում շարունակել աջակցել Հարավային Կովկասում խաղաղությանը և կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու ուղղությամբ:

«Այս ճգնաժամային պահին ԱՄՆ-ն պետք է համարձակ քայլեր ձեռնարկի՝ օգնելու ժողովրդավարական Հայաստանին պաշտպանվել ապակայունացնող, ավտորիտար ռեժիմներից, ինչպիսիք են Ադրբեջանը և Ռուսաստանը»,-նշել են կոնգրեսականները:

Նրանք խրախուսել են շարունակել ԱՄՆ դիվանագիտական ներգրավվածությունը:

Հիշեցնելով Գրանադայի հոկտեմբերի 5-ի հանդիպմանը մասնակցությունից Ալիևի հրաժարվելու մասին՝ նրանք ընդգծել են, որ դա ևս մեկ ազդանշան է, որ նա էթնիկ զտումների արշավը չի դադարեցնի:

ԱՄՆ կոնգրեսականները նամակում շեշտել են, որ Միացյալ Նահանգները պետք է ձեռնարկի հնարավոր ամենաուժեղ, կոնկրետ գործողությունները՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու համար, այդ թվում՝ Ալիևի  և Ադրբեջանի այլ պաշտոնյաների նկատմամբ պետք է պատժամիջոցների կիրառի, կասեցնի Ադրբեջանին ԱՄՆ-ի ողջ ռազմական օգնությունը, անվտանգային հզոր աջակցություն ցուցաբերի Հայաստանին, ներխուժումը կանխելու համար Հայաստանում ստեղծի միջազգային դիտորդական և խաղաղապահ ուժեր:

«Մենք չենք կարող խաղաղության հասնել առանց Հայաստանի պաշտպանության համար նվազագույն պայմաններ ստեղծելու»,-շեշտել են կոնգրեսականները:

Նրանք ընդգծել են, որ ցանկացած վերջնական խաղաղ կարգավորում պետք է ներառի Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինքնիշխան տարածքի ուրվագծումը՝ 1975-1976 թվականների խորհրդային հատուկ ռազմական քարտեզների հիման վրա:

Կոնգրեսականները նաև ընդգծել են, որ ԱՄՆ-ն պետք է շարունակի լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրել Հայաստանին՝ օգնելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Նրանք նաև շեշտել են՝ ԱՄՆ-ն պետք է կոչ անի անվերապահ կերպով ազատ արձակել ԼՂ-ի գերեվարված պաշտոնյաներին և մյուս գերիներին:

Նամակը ստորագրել են մեկ տասնյակից ավելի կոնգրեսականներ, նրանց թվում են Ֆրենկ Փալոնը, Ջիմ Կոստան, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն և այլք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել