Խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները. Տիգրան Ավինյան
 |armenpress.am|
11:23 - 10 հոկտեմբերի, 2023

Խոսուն է այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրությունների արդյունքները. Տիգրան Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ սեպտեմբերի 17-ի ավագանու ընտրությունների արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը:

Ավինյանը  նման դիրքորոշում հայտնեց Երևանի ավագանու նիստում իր թեկնածության հարցի քննարկմանը:

Ըստ Ավինյանի՝ ընտրությունների արդյունքները շատ հարցերի շուրջ մտածելու տեղիք են տալիս, սակայն դրանք տվել են  նաև մի շարք սկզբունքային հարցերի պատասխաններ և արձանագրել կարևոր իրողություններ:

«Ընտրությունների պաշտոնական արդյունքները ճշգրիտ են արտահայտում ընտրական տեղամասեր գնացած քաղաքացիների քվեարկության պատկերը՝ այն աստիճանի, որ մանդատների բաշխման քարտեզը սկզբունքային այլ տեսք կունենար, եթե ընդամենը 53 քվեներ մի փոքր այլ կերպ բաշխվեին: Խոսուն է նաև այն փաստը, որ որևէ քաղաքական ուժ չի բողոքարկել ընտրության արդյունքները: Ընտրությունների արդյունքները, քարոզարշավի և քվեարկության ընթացքում էական խախտումների բացակայությունը 2018թ․ ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխության արժեքներին մեր կուսակցության որդեգրած սկզբունքների ապացույցն է»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետի թեկնածուն հավելեց՝ միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ 2018թ. հեղափոխության արժեքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ուժերն ընտրությունների արդյունքներով ստացել են ձայների գերակշիռ մեծամասնությունը: «Եվ անկախ այն բանից, թե այդ ուժերը նախընտրական շրջանում ինչ կարծիք են հայտնել միմյանց նկատմամբ, ընտրողների առաջ նրանք հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող և պաշտպան: Եվ, հետևաբար, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն իր ձայնը տվել է հեղափոխությանը և հեղափոխության մեծագույն ձեռքբերում հանդիսացող ժողովրդավարությանը: Ուստի ցանկացած փորձ՝ այն ձայները կիսելու, ապապետական, կոռումպացված, հակաժողովրդավարական ուժերի հետ, կնշանակի քաղաքացիների տված քվեի բռնազավթում հակաժողովրդավարական ուժերի կողմից»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք նման քայլի գնալ չէր կարող:

Խմբակցության դիրքորոշումն այն է, որ ընտրությունների արդյունքներով հեղափոխությանը տրված վստահության քվեն պետք է արտահայտվի: Ավինյանը դա կարևորեց ոչ միայն հեղափոխությանը քվեարկած ընտրողների ձայները հակահեղափոխության դիրքերից հանդես եկողների, ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը կասկածի տակ դնողների նպատակներին չծառայեցնելու, այլ նաև Երևանում սկիզբ առած լայնածավալ կապիտալ ներդրումների, բարեփոխումների բնականոն ընթացքն ապահովելու համար: Նա սա կարևորեց նաև ՀՀ պետականության շուրջ համախմբվելու, Երևանը արտաքին աշխարհից թելադրվող անկայունության թատերաբեմ չդարձնելու տեսակետից:

Տիգրան Ավինյանի խոսքով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում:

«Երկրում ստեղծված իրավիճակը, հազարավոր մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանումը, բոլորիս պետք է համախմբի ամեն կերպ նրանց աջակցելու, նրանց կարիքները հոգալու և սատարելու գործում: Իսկ նոր ընտրությունները, այս փուլում համենայն դեպս, ոչնչով չէին նպաստելու դրան։ Ավելին՝ շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ, կարծում եմ, ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,- ասաց Ավինյանը։

Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու առաջարկով հանդես էին եկել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը։ Նրանք ընդդիմադիր մյուս ուժերին կոչ էին անում չմասնակցել Երևանի ավագանու առաջին նիստին, քվորում չապահովել, որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն։ Սակայն «Հանրային ձայն» կուսակցությունը մասնակցեց նիստին և ապահովեց քվորում։ Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանն է։

Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել