Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ սահմանափակ թվով մարդիկ Արցախում ապրեն. Տիգրան Աբրահամյան
 |aysor.am|
17:07 - 10 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ սահմանափակ թվով մարդիկ Արցախում ապրեն. Տիգրան Աբրահամյան |aysor.am|

aysor.am: Այլ բան է, որ Արցախում ապրում է 100 000-ից ավելի մարդ, այլ բան, որ պայմանականորեն ապրում է 5000 մարդ։ Միգուցե Ադրբեջանն ամեն ինչ անի, որ սահմանափակ թվով մարդիկ այնտեղ ապրեն. Factor TV-ի եթերում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանն ամեն ինչ կանի աշխարհին ցույց տալու համար, որ էթնիկ զտումներ չի արել, որ այնտեղ ապրող հայերն ավելի լավ պայմաններում են ապրում և ներկայանա որպես հանդուրժող կողմ», - ասաց նա։ Միևնույն ժամանակ նկատեց, որ հետագա ժամանակահատվածում, գուցե, միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների թեման  կօգտագործի Ադրբեջանի դեմ։ «Միգուցե այս պահին դա առաջնային չէ, բայց մի փուլում դա կօգտագործվի Ադրբեջանի դեմ ճնշումներ գործադրելու համար», - ասաց նա։

Պատգամավորը կարծում է, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձելու է Արցախը վերածել հակահայկական պլացդարմի՝ ներդրումներ, զարգացման ծրագրեր իրակացնելով և դա աշխարհին ներկայացնելով մի կողմից՝ ադրբեջանական գաղափարական հաղթանակ, մյուս կողմից էլ՝ ՀՀ-ի դեմ քարոզչական նպատակով։

Հարցին, թե հնարավո՞ր է համարում, որ արցախցիների մի մասը վերադառնա՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց, որ կան ընտանիքներ, որոնք հարազատի շիրիմներ են թողել Արցախում և այդ մարդիկ ամեն գնով ցանկանում են վերադառնալ Արցախ։ Կա մարդկանց մի խումբ, որ կյանքն առանց Արցախ չի պատկերացնում և մի փուլում, հնարավոր է՝ նրանց վերադարձն Արցախ։

«Երրորդ խումբն էլ այն մարդիկ են, որոնք այս ողբերգական համատեքստում արագ որոշում են կայացրել, բայց միգուցե մի որոշ փուլում էլ որոշեն և մտածեն ճիշտն այնտեղ վերադառնալն է», - ասաց նա՝ ընդգծելով, որ հարցն անվտանգության երաշխիքներն են։

«Ռուս խաղաղապահների նկատմամբ, բնականաբար, այլևս չկա անվստահություն։ ՄԱԿ-ի առաքելությունն ակտիվացել է, եթե որևէ մեխանիզմ առաջարկվի, գուցե, վերադառնան», - ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել