Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա․ Փաշինյանը՝ ադրբեջանական կողմի՝ «անկլավների» պահանջի մասին
23:37 - 10 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա․ Փաշինյանը՝ ադրբեջանական կողմի՝ «անկլավների» պահանջի մասին

 «Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ խաղաղությունը տեղի չունենա»,- Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Ադրբեջանը պահանջում է «անկլավներ»․

«Դրա համար նրանք (ադրբեջանցիները,-խմբ․) կարող են փորձ անել մի շարք թեմաներ օգտագործել հետագա սրացումների և էսկալացիաների համար։ Այս է պատճառը, որ մենք ընդհանուր ոչ մի թեմայի չպետք է ցուցաբերենք էմոցիոնալ մոտեցում և պետք է բոլոր պրոբլեմները և Ադրբեջանի կողմից բարձրացվող հարցերը գույքագրենք և հստակ աշխարհին, մեր հանրությանը հասկանալի դիրքորոշում որդեգրենք, որը կբխի ՀՀ շահերից»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանը բարձրացնում է 8 գյուղերի հարց, մենք էլ մեր հերթին ասում ենք, որ 8 գյուղերի խնդիր ունենք, քանի որ նույն Տավուշի մարզում, ինչպես ասաց Փաշինյանը, ունենք Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ՝ Բերքաբեր, Այգեհովիտ, Վազաշեն, Պառավաքար և այլ տարածքներում նույնպես․

«Մենք 2021-ին առաջարկել ենք, ասել ենք՝ եկեք որոշենք՝ որն է սահմանազատման քարտեզը, որ այդ գծից զորքերը հայելային հետ քաշենք։ Փորձը ցույց է տալիս, որ չլուծված որևէ հարց, կամ լուծման ռելսերի վրա չդրված ցանկացած հարց X պահի դառնալու է ռազմական էսկալացիայի առիթ»,- շեշտեց նա։

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ անկլավների թեմային անդրադառնալն անխուսափելի է մի պարզ պատճառով, որովհետև 29.800 կմ² մեջ մտնում է նաև Արծվաշենը․ «ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ ինքնիշխան այդ տարածքի վրա։ Ով էլ խոսի անկլավների մասին, ապա պետք է սեղանին դնի քարտեզ, թե ինչով է հիմնավորվում այդ անկլավների գոյությունը։ Սա պարզ հարց չէ»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել