Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների
23:43 - 10 հոկտեմբերի, 2023

Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Բացարձակ իդեալական վիճակներ չկան և չեն էլ լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրանադայում ստորագրված հայտարարությանը։

«Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ 1-ինը՝ քառակողմ հայտարարություն (Ն․ Փաշինյան, Է․ Մակրոն, Օ․ Շոլց, Շ․ Մեշել) և 2-րդը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ։ 

Ըստ էության, սրանով արձանագրվեց, չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում [եղավ], որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Որովհետև ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը»,- ասել է Փաշինյանը։

Ըստ ՀՀ վարչապետի՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին և՛ մեր, և՛ ԵՄ տեսակետից, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները․

«1-ինը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդծումով տարածքների չափերը։ 

2-րդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ․ կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների։ 

3-րդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում կայացած հանդիպումների բացն այն է, որ այնտեղ ընդունված առաջին հայտարարությունը քառակողմ է, այլ ոչ թե հնգակողմ։

«Այսինքն՝ ի սկզբանե պլանավորված էր, որ այն լինելու է հնգակողմ, բայց Ադրբեջանի բացակայությունը՝ այդ փաստաթղթի ներքո, թերություններից է։ Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարվա վերջ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70%-ից բարձր կլիներ»,- հավելել է նա։

Որպես Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում արձանագրված կարեւոր դրվագ՝ Փաշինյանը նշել է, որ արձանագրվել եւ դատապարտվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը․

«Արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը՝ հումանիտար իրավիճակը կարգավորելու համար։ Արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի։ 

Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է հարաբերությունները Հայաստանի հետ խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին։ Սրանք առավելություններն են»,- ասել նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք քառակողմ հայտարարությունը չեզոքացրե՞լ է ՀՀ անվտանգային խնդիրները, արդյոք Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք գրավել է, Փաշինյանը նշել է. «Եթե մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ խախտումները պետք է վերացվեն։

Հիմա խնդիրը այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից՝ առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը»։

Փաշինյանը հայտնել է նաև, որ իրականում այդ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար. «Այնտեղ կոչ էր հղված բոլոր կողմերին, որ նրանք բոլոր գերիներին ազատ արձակեն։ Մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել ենք՝ գնալ այդպիսի լուծումների։ Իմիջիայլոց, քառակողմ հայտարարության մեջ կա նաև անդրադարձ անհետ կորած անձանց խնդրին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել