Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է։ Այս մասին ադրբեջանական Trend-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային տարրն է՝ հիմնված 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի հիման վրա: Այս հարցը վստահվել է եռակողմ աշխատանքային խմբին՝ ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Մինչ օրս կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 12 հանդիպում (վերջինը՝ հունիսի 2-ին), մանրամասն ուսումնասիրվել է երկաթուղային ու ավտոմոբիլային հեռանկարային երթուղիների փաթեթը»,- ասել է Մարիա Զախարովան՝ պատասխանելով, այսպես կոչված, «Զանգեզուզի միջանցքի» մասին հարցին։
Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատաքնային խմբերի 12 հանդիպումների արդյունքներով արձանագրվել է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ձևերի համաձայնեցման գործում:
«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ: Աշխատանքում ելնում ենք երկու երկրների փոխադարձության, ինքնիշխանության հարգման և իրավազորության սկզբունքների պահպանման անհրաժեշտությունից»,- հավելել է Մարիա Զախարովան։
Զախարովան նաև ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման ճանապարհին հաջողությունը լրացուցիչ խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի այլ ուղղություններին։ Դա վերաբերում է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և հասարակական ակտիվիստների և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկին։
comment.count (0)