Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ
17:47 - 25 հոկտեմբերի, 2023

Ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը․ Փաշինյանը՝ բրյուսելյան հանդիպման չկայանալու վերաբերյալ

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին կփորձենք պարզաբանումներ ստանալ ԵՄ մեր գործընկերներից։ 

Իհարկե որոշ հարցերի պատասխան նաև ունենք, բայց չէի ցանկանա շտապել գնահատականներ հնչեցնել։ Մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը», - նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցութամբ նախատեսված հանդիպման տեղի չունենաու մասին հայտնել էր Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ 

Ավելի ուշ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով հարցին, թե ով ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել բանակցությունների, ասել էր․ «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը «ժամանակ չի գտել» [մեկնելու Բրյուսել], որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել