«3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է. Միրզոյան |1lurer.am|
12:15 - 03 նոյեմբերի, 2023

«3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: «3+3»-ը քննարկումների հարթակ է, որտեղ հիմնարար է հավասարությունը. սա 3 փոքրի և 3 մեծի մասին չէ, այդպես չի կարելի ընկալել: Այսպես է, որ մենք այդ մասին ասում ենք մեր քննարկումների ընթացքում: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳՆ-ի՝ 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի դիտարկմանը, թե «3+3» հարթակի երեք երկրները (Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը–խմբ.) մյուս երեքին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան–խմբ.) նայում են որպես փոքր երեքի:

«Սա հավասար 6, իսկ փաստացիորեն՝ 5 պետության խոսակցություն է»,- ասաց Միրզոյանը և հավելեց. ««3+3» հարթակը հավասար երկրների խոսակցություն է»:

Ինչ վերաբերում է հայկական առաջարկը՝ «Խաղաղության խաչմերուկը», ՀՀ-ի կողմից սպասարկելու հնարավորություններին և մասնագիտական կարողություններին, ապա Արարատ Միրզոյանը կարծում է, որ եթե հարևանները հետաքրքրությամբ գան ծրագրի հետևից, ՀՀ-ի համար «աճի տեղ կա»:

«Առնվազն ճանապարհների մասով վերջին տարիներին մենք տեսնում ենք և հիմա էլ կա էական շարժ: Հերքել հնարավոր չէ: Հյուսիս-հարավով առաջիկայում կտեսնենք էական շարժ, քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ:

Երկաթուղին, իհարկե, մեծ ներդրումների մասին է, և մենք պետք է ունենանք պայմանավորվածություններ, որպեսզի կարողանանք ներդրումներն անել. որևէ մեկը փակուղի գնացող, երկու վայրում փակուղի ունեցող երկաթուղի չի կառուցի՝ առանց իմանալու, որ շարունակվելու է այդ երկաթգիծն այս կամ այն ուղղությամբ: Եթե կունենանք նշածս սկզբունքների շրջանակներում լուծումներ, մենք նաև երկաթուղիները կկառուցենք»,- ասաց նա և հավելեց. «Մենք բլեֆ չենք անում, երբ մենք առաջարկել ենք «Խաղաղության խաչմերուկ», մենք գիտակցում ենք՝ ինչ ենք առաջարկել: Եվ մենք իսկապես ուզում ենք, որ զանազան ենթակառուցվածքներ, կոմունիկացիաներ, ընդհանրապես Արևելքն ու Արևմուտքը կապվեն իրար առևտրական և տնտեսական առումով, իսկ կապերը բազմաթիվ են, այդ թվում՝ Հայաստանի տարածքի միջոցով, և Հյուսիսն ու Հարավը կապվեն իրար, այդ թվում՝ Հայաստանի տարածքով»:

Եզրափակելով խոսքը՝ Արարատ Միրզոյանը հույս հայտնեց, որ «լավ կլինի» ծրագրի ճակատագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել