Առաջին անգամ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը ԱՄԷ-ն է, ՌԴ-ն երկրորդ տեղում է. Քերոբյան
 |1lurer.am|
17:03 - 03 նոյեմբերի, 2023

Առաջին անգամ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը ԱՄԷ-ն է, ՌԴ-ն երկրորդ տեղում է. Քերոբյան |1lurer.am|

1lurer.am: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված միջոցների, այսինքն՝ տրանսֆերտների ծավալը ևս աճել է, հունվար-օգոստոս ամիսներին այն կազմել է 2,7 միլիարդ դոլար, աճը՝ 42 տոկոս: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով մի շարք ցուցանիշներ:

2023-ի հունվար-օգոստոսին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 4,3 միլիարդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է 55,8 տոկոսով, այդ թվում՝ ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը 8 ամիսներին կազմել է 4 միլիարդ 160 միլիոն դոլար, աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 56,3 տոկոս:

Բելառուսի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին կազմել է 136,6 միլիոն դոլար, նույն ժամանակահատվածի նկատմամբ աճը կազմել է 27,1 տոկոս:

Ղազախստանի հետ առևտրաշրջանառությունը հունվար-օգոստոսին աճել է 87,2 տոկոսով և կազմել  49,8 միլիոն դոլար:

Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունը աճել է 5 անգամ և կազմել է 14,6 միլիոն դոլար:

Ներդրումների մասով ԵԱՏՄ երկրներից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 305 միլիոն դոլար:

«ՌԴ-ից, օրինակ, օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 250 միլիոն դոլար, բայց պետք է նշեմ, որ առաջին անգամ մեր պատմության մեջ ՀՀ-ում ամենախոշոր օտարերկրյա ուղղակի ներդրումների աղբյուրը կազմել է Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուսաստանն այժմ երկրորդ տեղում է»,- ասաց Քերոբյանը:

2022-ին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 314,9 միլիոն դոլար, իսկ ստացվել է 135,8 միլիոն դոլար, բացասական սալդոն կազմել է մոտ 180 միլիոն ԱՄՆ դոլար: Մինչդեռ 2023-ի հունվար-սեպտեմբերին ՀՀ-ից հօգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջեի գանձվել է 375,1 միլիոն դոլար, ստացվել է 136,5 միլիոն դոլար, բացասական սալդոն 9 ամիսների համար կազմել է 238,6 միլիոն դոլար:

Վահան Քերոբյանը նաև տեղեկացրեց, որ առևտրաշրջանառության արտոնյալ ռեժիմներ սահմանելու մասով Հայաստանը բանակցություններ է վարում մի շարք երկրների հետ. դրանք են Իրանը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել