ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ հարաբերությունների կարգավորման համար, իսկ այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների [Հայաստանի և Ադրբեջանի] միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը՝ «Ռուսաստան» համաժողովի շրջանակում:
ՌԴ ԱԽ քարտուղարը նաև նշել է, թե Հայաստանի վարչապետը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է Արևմուտքի ճնշման տակ։
Պատրուշևն ասել է, որ 2018-ին Փաշինյանը հայտարարում էր, թե Լեռնային Ղարաբաղը դե-ֆակտո Հայաստանի մաս է, բայց վերջին հաշվով ասաց, որ տարածքները ճանաչում է 1991 թվականի քարտեզներով։ «Իսկ դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու բոլոր շրջանները, և նա ընդունեց դա՝ պատկանում են Ադրբեջանին։ Կարծում եմ, որ այդ հայտարարությունները, այդ ճանաչումն ու հայտարարությունը նա արեց Արևմուտքի ազդեցության տակ, հենց նրանց հետ էր նա բանակցություններ վարում»,- ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։
comment.count (0)