16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին |azatutyun.am|
16:03 - 08 նոյեմբերի, 2023

16 գերիների առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել ընտանիքներին |azatutyun.am|

azatutyun.am: Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակն «Ազատությանը» փոխանցեց, որ գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։

Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) միջոցով։ Միջազգային դատարանը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ-ին։

Թե արդյոք 16 գերիները խոշտանգվել են, արդյոք նրանց իրավունքները պաշտպանվում են, առողջական խնդիրներ ունեն, թե ոչ՝ այս հարցերի շուրջ տեղեկություններ դեռևս չեն տրամադրվում։

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանն ասաց, որ այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին։

Գերիների ընտանիքների անդամները «Ազատության» հետ զրույցում հաստատեցին՝ կառավարությունն իրենց է փոխանցել տվյալներ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հարազատների վերաբերյալ։ Սակայն նրանք խուսափեցին ասել՝ արդյոք մտահոգիչ տեղեկություններ ստացել են նրանց պահման պայմանների կամ առողջական վիճակի վերաբերյալ։

Հարազատները մտավախություն ունեն, որ իրենց ցանկացած խոսք կարող է վնասել բանտերում պահվող անձանց։ Նրանք միայն տեղեկացրեցին, որ Կարմիր Խաչը վերջապես տեսակցել է իրենց հարազատներին և բանավոր փոխանցել նրանց կարիքների մասին տեղեկություն: Ոմանք տաք հագուստ են խնդրել, ոմանք՝ ծխախոտ...

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից հաստատեցին՝ անցած ամիս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամներին տեսակցելուց հետո, այս ամիս տեսակցել են սեպտեմբերի 19-ին և հետո գերեվարված այլ անձանց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել