Կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի». հայտնի են՝ Բայդեն-Սի բանակցությունների արդյունքները |tert.am|
11:09 - 16 նոյեմբերի, 2023

Կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի». հայտնի են՝ Բայդեն-Սի բանակցությունների արդյունքները |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումը համարել է ամենակառուցողականներից մեկը և ասել, որ կողմերին հաջողվել է հասնել «կարևոր առաջընթացի», գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ սա մեր ամենակառուցողական և արդյունավետ քննարկումներից մեկն էր... Մեր հանդիպումները միշտ եղել են բավականին անկեղծ, մենք ամեն ինչի շուրջ համաձայնության չենք եկել, բայց դրանք եղել են անկեղծ քննարկումներ.... Բայց այսօր, կարծում եմ, մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել», - հայտարարել է Բայդենը Սան Ֆրանցիսկոյում APEC-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում։

Նա մանրամասնել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը վերսկսում են համագործակցությունը թմրանյութերի դեմ պայքարում։

«Նախևառաջ, ես ուրախ եմ հայտարարել, որ երկար տարիների ընդմիջումից հետո մենք վերականգնում ենք համագործակցությունը Միացյալ Նահանգների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև թմրանյութերի դեմ պայքարում: Մենք քայլեր ենք ձեռնարկում զգալիորեն նվազեցնելու թմրանյութերի, քիմիական նյութերի հոսքը Չինաստանից արևմտյան կիսագնդեր: Այս պայքարը կյանքեր կփրկի: Եվ ես բարձր եմ գնահատում Սի Ծինփինի հանձնառությունն այս հարցում», - ասել է Բայդենը:

ԱՄՆ-ն և Չինաստանը նաև պայմանավորվել են վերսկսել ուղիղ ռազմական շփումները և բարձր մակարդակով երկխոսությունը երկու երկրների զինվորականների միջև։

«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները», - ասել է Բայդենը:

«Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկիր, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում», - շարունակել է Բայդենը:

Նշվում է, որ ղեկավարները պայմանավորվել են հավասարության և հարգանքի սկզբունքների հիման վրա վերականգնել բարձր մակարդակի հաղորդակցությունը երկու երկրի զինված ուժերի միջև, վերսկսել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպումները:

ՉԺՀ-ն և Միացյալ Նահանգները պայմանավորվել են փորձագիտական մակարդակով քննարկել արհեստական բանականության ոլորտում զարգացումներին առնչվող անվտանգային հարցեր։

«Մենք նախատեսում ենք հավաքել մեր (ամերիկացի և չինացի) փորձագետներին՝ քննարկելու արհեստական բանականության ոլորտում ռիսկի և անվտանգության հետ կապված հարցեր... Գրեթե ամենուր, որտեղ ես գնում եմ ամբողջ աշխարհում, յուրաքանչյուր խոշոր առաջնորդ ցանկանում է քննարկել արհեստական բանականության ազդեցությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ուկրաինայի, Գազայի և Թայվանի մասին

Բացի այդ, Բայդենն ասել է, որ Սի Ծինփինի հետ քննարկել է Ուկրաինայի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ավելի մանրամասն` tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել