Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները
 |azatutyun.am|
21:05 - 17 նոյեմբերի, 2023

Ադրբեջանը հավատացնում է, թե պատրաստ է պաշտպանել Ղարաբաղի հայերի իրավունքները |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը:

Ադրբեջանն իր սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան հանձնառու է պաշտպանել Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները՝ մյուս քաղաքացիների հետ հավասար հիմունքներով։

Արձագանքելով արդարադատության միջազգային դատարանի այսօրվա որոշմանն, այդ մասին, ըստ Trend լրատվական գործակալության, նոյեմբերի 17-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

«Դատարանի կողմից նշված միջոցները համահունչ են Ղարաբաղի հայ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի կառավարության արդեն որդեգրած քաղաքականությանը, որը ներառում է մեր հանձնառությունն՝ ապահովելու բոլոր բնակիչների անվտանգությունն, անկախ ազգային կամ էթնիկական պատկանելությունից։ Ադրբեջանը երբեք չի վտարել հայ բնակիչներին։ Ղարաբաղից Հայաստան և այլ երկրներ տեղափոխվելը նրանց որոշումն է՝ չնայած Ադրբեջանի կոչերին՝ չլքել տարածաշրջանը»,- նշվում է հայտարարությունում:

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը ողջունում է դատարանի որոշումը, որը ևս մեկ անգամ հաստատում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և մերժում Հայաստանի պահանջը, որը կասկածի տակ էր դնում Ադրբեջանի վաղուց ճանաչված ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։

«Միջազգային դատարանը մերժել և անհիմն է համարել Ղարաբաղի տարածաշրջանից Ադրբեջանի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը դուրս բերելու մասին Հայաստանի անհիմն և ծիծաղելի պահանջը»,- նշում է ԱՀ ԱԳՆ-ն։

Ըստ Trend-ի, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշում է նաև, որ միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հայցը կալանավորված անջատականների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել