Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան
 |azatutyun.am|
16:14 - 22 նոյեմբերի, 2023

Երևանը հակված է Փաշինյան-Ալիև հանդիպումը շարունակել բրյուսելյան ֆորմատով՝ Միշելի միջնորդությամբ. Խանդանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Երևանը հակված է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը շարունակել բրյուսելյան Ֆորմատով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախագահող Սարգիս Խանդանյանը։

Հայաստանի հետ երկկողմ ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցությունների առաջարկ Բաքուն երեկ արեց։ Ընդ որում, չհստակեցնելով՝ բանակցային ո՞ր ձևաչափի մասին էր խոսում՝ ղեկավարների, արտգործնախարարների, թե՞ սահմանազատման հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետերի, որոնք մինչ այդ սահմանին հանդիպելու պրակտիկա արդեն իսկ ունեն։

Երևանն այսօր պատասխանեց՝ պատրաստ է բանակցությունների՝ միմյանց տարածքային ամբողջականության՝ առանց երկիմաստությունների փոխադարձ ճանաչման, խորհրդային ամենաթարմ քարտեզներով սահմանազատման, ինքնիշխանության հարգմամբ ապաշրջափակման սկզբունքների հիման վրա։ Հայտարարեցին, թե պետական սահմանին առաջարկել են սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել։

«Հուլիսին հիմնական սկզբունքները համաձայնեցվել են և այս տրամաբանությունից ելնելով պետք է ապահովել բանակցությունների շարնակականությունը և շարունակել հանդիպումը լիդերների մակարդակով Եվրոպական միության, մասնավորապես, նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Բայց տեսանք, որ Ադրբեջանը թե՛ Գրանադան, թե՛ Բրյուսելը մերժեց, այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ այս տրամաբանությանը և ցանկանում է հասնել կարգավորմանն այս շրջանակներում», - նշեց Խանդանյանը:

Ընդդիմությունն Ադրբեջանի առաջարկի մեջ վտանգներ է տեսնում։ Հայաստան խմբակցությունից Արմեն Ռուստամյանը կարծում է՝ արևմտյան հարթակները բոյկոտող Ալիևը այժմ կա՛մ դեմ առ դեմ հանդիպման, կա՛մ Ռուսաստանի միջնորդությանն է հակված՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում իր ուզածը ստանալու համար։

«Ալիևն ի՞նչ է ասում, Ալիևն ասում է՝ եթե չես համաձայնվելու այլ ձևաչափով, իսկ այսօր ինքը ավելի հենված է եռակողմի վրա, որովհետև բաներ ունի դեռ ստանալու կապված Նախիջևանի հետ կապի հետ: Արևմուտքից ինչ իրեն պետք էր այլևս ստացել է և որևէ խնդիր այնտեղ նա չունի, դրա համար ասում է՝ եթե դու ուզում ես շարունակել քո տրամաբանությամբ ինձ կանչել Արևմուտք, ես չեմ գալու, քո այլընտրանքը՝ կա՛մ վերադառնալ եռակողմ պայմանավորվածությունների դաշտ, կա՛մ մենք տետ ա տետ պետք է իրար հետ բանակցենք», - ասաց Ռուստամյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել