Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին
14:42 - 13 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը, հայկական կողմից, սակայն, դեռ հաստատում չկա։

Մեր զրույցում ԱԱԾ-ից հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, իսկ ՀՀ վարչապետի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնի հեռախոսահամարներով զանգերն այս պահին անպատասխան են մնում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր «Ազատության»՝ գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան  հայտնել է․

«Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար կլիմիայի այդ կոնֆերանսի [ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)] կոմպոնետը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները», - ասել է Միրզոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 

Միևնույն ժամանակ, ըստ հայտարարության, ՀՀ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանել է իր թեկնածությունը: Ադրբեջանը իր հերթին աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել