Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։
«Տեղի կունենան առանձնազրույցներ ձերբակալված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց ձերբակալելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը»,- տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքում առերևույթ տասնյակ ձկնորսների կողմից կատարված զանգվածային խուլիգանության համար ձերբակալվել է 26 անձ:
Միևնույն ժամանակ ձկնորսները այսօր բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլ տալ իրենց զբաղվել ձկնորսությամբ․ «Ձուկ շատ կա Սեւանում, գիտնականները ասում են, հա, բայց ես 30 տարի ձկնորսությամբ եմ զբաղվում, ինձանից ավելի տարիքով ձկնորոսներ էլ կան, մի քիչ էլ մենք ենք հասկանում։ Լիճը սկսել է նստել, եթե լիճը պակասում է, ձուկը՝ շատանում, էդպես ստացվում է՝ պաշարները, թթվածինը ձկանը չեն հերիքում, սատկում է։ Որ պատճառ են բերում, թե սիգա ձուկը էսինչ թվին վերջանում էր, չի եղել էդպես․ սիգա տեսակի ձուկը մի պահ է նվազել, որովհետև խեցգետինի քանակը շատ էր, իկրան (ձկնկիթ) չէր կարողանում ամեն տեղ թողնել։ Հետո նորից ձուկը բնական ձևով վերականգվեց, շատ ուժեղ բազմացավ, հիմա էլ լիքն է»,- ասել էր ձկնորսներից մեկը։
comment.count (0)