Վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում
 |armenpress.am|
19:27 - 13 հունվարի, 2024

Վարչապետը Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության գործընթացին լրջագույն հարված է համարում |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Վարչապետն այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին, որն անցկացվեց Գավառ քաղաքում:

«Իմ գնահատմամբ՝ վերջին շրջանում Բաքվից հնչող հայտարարությունները լրջագույն հարված են խաղաղության գործընթացին։ Ի՞նչու՝ մի քանի պատճառներով։ Պատճառներից առաջինը հետևյալն է, որ, ինչպես գիտեք, մենք մի քանի անգամ հրապարակային արձանագրված պայմանավորվել ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը, ինչպես նաև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան պետք է հիմնված լինի 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Սա նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ այնքան է, ինչքան եղել է ՀՍՍՀ-ի տարածքը և Ադրբեջանի տարածքը ճշգրիտ այնքան, ինչքան եղել է ԱՍՍՀ-ի տարածքը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հենց դա էլ ասում է, որ Խորհրդային Միությունը փլուզվեց և խորհրդային այն հանրապետությունները, որոնք միացել են Ալմա-Աթայի հռչակագրին, իրենք իրենց տարածքներով ձեռք են բերում անկախություն և խորհրդային պետությունների միջև ունեցած ադմինիստրատիվ սահմաններ դառնում են պետական սահմաններ։ Սա նշանակում է, որ սահմանների սահմանազատման գործընթացը սահման ստեղծելու մասին չէ։ Այսինքն՝ մեր դելիմիտացիայի հանձնաժողովները ոչ թե պետք է գնան սահման ստեղծեն, այլ իրենք պետք է վերաարտահայտեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին»,-ընդգծեց վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրվել են և՛ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպման արդյունքում ընդունված քառակողմ հայտարարությունում, և՛ նույն ամսվա ընթացքում Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և՛ 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Ի՞նչու եմ հարված համարում վերջին օրերին Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որովհետև այն, ինչ նրանք ասում են ամենաբարձր մակարդակով, ուղիղ հակասում է այս տրամաբանությանը և այս պայմանավորվածությանը»,-ասաց վարչապետը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ Ադրբեջանը փորձում է տարածքային պահանջներ գեներացնել ՀՀ նկատմամբ, որը նա համարեց բացարձակապես անընդունելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել