Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել․ Նիկոլ Փաշինյան
20:11 - 13 հունվարի, 2024

Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել․ Նիկոլ Փաշինյան

Ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանի և Նախիջանի միջև, նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել՝ և երկաթուղային, և ավտոճանապարհային։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Գավառում տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ընթացքում։

«Ժամանակ առ ժամանակ փորձ է արվում միջանցքային խոսույթ ձևավորվել ՀՀ տարածքի նկատմամբ, ընդ որում, երբ մենք ասում ենք՝ մի րոպե, դա նկրտում է ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, ասում են՝ դա միջազգայնորեն ընդունված խոսույթ է, կա «Հյուսիս-հարավ» միջանցք, Հարավային, Հյուսիսային միջանցք, կոնկրետ օրինակներ են բերում։

Ադրբեջանի պարագայում, օրինակ, ասում են՝ մենք էդ նույն խոսույթն օգտագործում ենք նաև Իրանի տարածքով միջանցքի տարածքով անցնող կոմունիկացիաների վերաբերյալ։ Մենք նախ ասում ենք՝ շատ լավ, եթե էդպես ա, գիտեք՝ հիմա այդ թեման կա՝ Ադրբեջան-Նախիջևան կապի, զուգահեռներ են տարվում Իրանի տարածքով այդ կապը ապահովելու մասին։ Մենք, որպեսզի այս բառային խաղերից դուրս գանք, սրան արձագանքում ենք, որ ինչ պայմանով Իրանը տրամադրում է կապ Ադրբեջանի և Նախիջանի միջև նույն պայմաններով մենք էլ ենք պատրաստ տրամադրել՝ և երկաթուղային, և ավտոճանապարհային»։

Փաշինյանի խոսքով՝ փորձ է արվում հղում անել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Նա նշում է՝ ըստ էության եռակողմ հայտարարության 2 կողմերը՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը, ստորագրման պահից մինչև 2023 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, ցույց են տվել, որ փաստաթուղթն իրենց համար այլևս գոյություն չունի:

«Այն գործողությունները, որ տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում ՌԴ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ, վկայությունն է այն բանի, որ իրենց համար այդ փաստաթուղթն այլևս գոյություն չունի, չի կարող այնպես լինել, որ եռակողմ հայտարարության 2 կողմի համար այս փաստաթուղթը այլևս չկա, երրորդ կողմի համար այս փաստաթուղթը շարունակի գոյություն ունենալ»,- ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանից ասում են՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մենք հասանք նրան, որ արձանագրվի «Զանգեզուրի միջանցք» և, որ ՌԴ-ն է ապահովելու այդ ճանապարհների անվտանգությունը:

«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ երկուսից, ոչ մեկը չկա գրված, տենց բան ընդհանրապես գոյություն չունի: Ոչ մի տեղ գրված չէ, որ Ռուսաստանը Հայաստանի որևէ տարածքում կոմունիկացիայի անվտանգություն պետք է ապահովի, ընդհակառակը գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն է երաշխավորում անվտանգությունն իր տարածքում: Եվ բանական է, ուրիշ ով պետք է ապահովի»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ Ադրբեջանը արդեն 3 տարի Զանգեզուրի միջանցքի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը:

«Ով, որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն կգտնի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Ցավոք այդ պարգևը ոչ ոք չի կարող ստանալ, քանի որ այդպիսի հայտարարություն եռակողմ հայտարարության մեջ չկա»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել