azatutyun.am: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու գործընթաց է սկսել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ նշելով, որ Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ է քվեարկել սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեի առաջարկությանը։
Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Շվաբեն իր առաջարկությունը պատճառաբանել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, որը «հակասում է Եվրոպայի խորհրդի սկզբունքներին»։
Գերմանացի պատգամավորը նաև նշել է, որ ադրբեջանցի պատվիրակների լիազորությունները պետք է սահմանափակվեն, քանի որ Բաքուն 2023 թվականին չի թույլատրել ԵԽԽՎ զեկուցողներին այցելել Լաչինի միջանցք։
«Հարցը փոխանցվել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողով, որը վերջնական որոշում կայացնելու համար 24 ժամ ունի», - տեղեկացնում է «Թուրան»-ը։
comment.count (0)