aravot.am: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ-ն չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը։
Այս թեմայով քննարկման ժամանակ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Մոգենս Յենսենը, հղում կատարելով փոփոխությանը՝ ըստ որի բանաձևում առաջարկվում է ավելացնել այն, որ Ադրբեջանի պատվիրակությունը կարող է վերսկսել իր գործունեությունը Վեհաժողովում, երբ Կանոնակարգով նախատեսված պայմանները բավարարվեն, հայտարարեց․ «Կարծում եմ՝ կարևոր է ադրբեջանական պատվիրակության համար դուռը բաց թողնելը, որ եթե բարելավում լինի ԵԽ հիմնարար սկզբունքների և դրանից բխող պարտավորությունների կատարման առումով, վերականգնվի նրա անդամակցությունը մեր կազմակերպությանը, և համագործակցությունը վերսկսվի»։
Ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերն առնվազն մեկ տարով չվավերացնելու հարցում կոնսենսուս կար ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի միջև, մինչդեռ պահպանողականների խմբի խոսնակ, ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն դեմ արտահայտվեց ու նշեց․ «Այժմ ոչ մի լավ բան տեղի չի ունենում։ Որտե՞ղ է, որ գոհ են, թե ինչ է տեղի ունենում այստեղ, Մոսկվայում՝ հաստատ։ Բաքվում, Ստրասբուրգում, Կիևում՝ ոչ»։ Նա փորձեց հավաստիացնել, որ այնպես չէ,թե 2001-ից ի վեր Ադրբեջանում առաջընթաց չկա, ըստ նրա՝ այժմ Ադրբեջանը, վերականգնելով իր տարածքային ամբողջականությունը, ձգտում է խաղաղության։ Ուստի այս պահին կարևոր էր, որ ԵԽ-ի ներսում լիներ միասնականություն։ Դիմելով ադրբեջանցիներին՝ ասաց, որ Վեհաժողովում սպասում են նրանց։ Եվրոպական միասնական ձախերի խմբի խոսնակ Փոլ Գավանը շեշտեց՝ երբեք էլ լավ չէ կորցնել անդամ պետության ներկայացուցչությունը, բայց այս պարագայում դա անհրաժեշտ է։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի՝ ԵԽԽՎ-ում՝ լիագումար նիստերից դուրս արված հայտարարությանը, նա նշեց․ «Սամադ Սեիդովը խոսեց իր երկրի դեմ կազմակերպված զրպարտչական արշավի մասին, մեղադրեց քաղաքական կոռուպցիայի և էթնիկ ու կրոնական ատելության հարցում, մեղադրեց անդամ երկրներին Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու փորձերի մեջ: Այս բոլոր խոսքերը, կարծում եմ, իսկապես ցավալի են: Պարոն Սամադ Սեիդովը չի փորձել զբաղվել այս բանաձևում շարադրված որևէ հարցով, և դա իսկապես շատ խոսուն է փաստ է»։
Նա հիշեցրեց, որ երկու զեկույց է պատրաստել Ադրբեջանի հետ կապված․ նախկինում որպես զեկուցող, այցելել է Ադրբեջան, բայց թույլտվություն չի ունեցել այցելելու քաղբանտարկյալներին և որևէ հասանելիություն չի ունեցել այն անձանց հետ կապված, որոնք համարվում են անհետ կորած։
Փոլ Գավանը հիշեցրեց Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը, երբ ադրբեջանական պատվիրակությունը պնդում էր, որ կա ազատ և անվտանգ մուտք Լաչինի միջանցք, բայց, երբ ինքն այդ մուտքը խնդրել է, ասել են, որ չի կարող մուտք գործել։ Ամփոփելով՝ Փոլ Գավանն ասաց․ «Հուսանք՝ Ադրբեջանը լավ կլսի այս ամենը և կաշխատի այս Վեհաժողով վերադառնալու ուղղությամբ, կաշխատի այնպես, որ հարգի այն սկզբունքները, որոնք այս վեհաժողովը պաշտպանում է»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)