armeniasputnik.am: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են ամերիկյան երեք ՀԿ-ները անցանկալի ճանաչելու մասին և նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել նրանց ուղղվող ցանկացած աջակցություն: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Մարտի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավար Լին Թրեյսին, որին ծանուցել են Ռուսաստանի Դաշնությունում երեք ամերիկյան ՀԿ-ներ անցանկալի ճանաչելու մասին («Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ», «Մշակութային հեռանկարներ» և «Միջազգային կրթության ինստիտուտ»), որոնք դեսպանատան աջակցությամբ իրականացնում են հակառուսական ուղղվածության ծրագրեր և նախագծեր, և «ազդեցության գործակալների» հավաքագրում են իրականացնում՝ կրթական և մշակութային փոխանակումների քողի տակ»,-նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում:
Դեսպանին պաշտոնական նոտա են հանձնել՝ պահանջելով դադարեցնել նշված ՀԿ-ների գործունեությանն ուղղվող ցանկացած աջակցություն, որը, շարունակվելու դեպքում, կդիտարկվի որպես ռուսական օրենսդրության խախտում, ինչպես նաև դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքից և սոցիալական ցանցերից հեռացնել այդ ՀԿ-ների կողմից իրականացվող կրթական նախագծերի և ծրագրերի ցանկը, որոնք ուղղված են Ռուսաստանի հասարակությանը խորթ դրույթների և արժեքների տարածմանը:
«Հատուկ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին միջամտելու փորձերը, ներառյալ դիվերսիոն գործողությունները և ապատեղեկատվության տարածումը ընտրությունների և հատուկ ռազմական գործողության համատեքստում, խիստ և վճռական կերպով կկանխվեն ընդհուպ մինչև նման գործողություններին մասնակից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների արտաքսումը պերսոնա նոն գրատայի կարգավիճակով»,-նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ էր արել ԱՄՆ դեսպանին դադարել ստել ու լռել այն մասին, որ «ռուս ժողովրդի հետ մարդասիրական կապերը զարգացնելու» Վաշինգտոնի փորձերն իրականում ուղղված են ՌԴ-ում քայքայիչ գործունեությանը:
comment.count (0)