tert.am: Մարտի 13-ին Եվրախորհրդարանում ընդունվել է «Եվրամիության և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, թե «այն ոչ միայն անհիմն և կողմնակալ է, այլև Ադրբեջանի հետ կապված երկակի ստանդարտի ևս մեկ վառ օրինակ է»։
«Չնայած բանաձևը ներկայացվում է որպես խաղաղությանն աջակցելու քայլ և իբր նվիրված է Եվրամիության և Հայաստանի հարաբերություններին, իրականում դա Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի շարունակությունն է, որի ընթացքում բոլոր փաստերը կեղծվում են», - ասել է Հաջիզադեն՝ պնդելով, թե «բանաձևում պարունակվող անհեթեթ և վիրավորական հայտարարությունները հստակ ուղղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության»։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին միջամտելու փոխարեն, ավելի օգտակար կլիներ, եթե Եվրախորհրդարանը սկսեր զբաղվել Եվրոպային պատուհասող ավելի լուրջ խնդիրներով», - ասել է Հաջիզադեն:
comment.count (0)