«Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան»․ Արարատ Միրզոյան
 |aravot.am|
11:51 - 15 մարտի, 2024

«Ադրբեջանի հետ բանակցություններում սկզբունքային հարցերում շատ շոշափելի արդյունքներ չկան»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնում է 2023 թվականի կառավարության գործունեության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի հարաբերություններին վերաբերող հատվածը։ «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը եղել է առանցքային ուղղություններից մեկը։

ՀՀ կառուցողական ջանքերը՝ տարածաշրջանում երկարատեւ կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ շարունակել են մնալ նույն ինտենսիվությամբ, նպատակը շարունակել է մնալ նույնը։ Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ հիշատակել սկզբունքները, որոնցով մենք առաջնորդվել ենք եւ այսօր էլ առաջնորդվում ենք՝ այդ խաղաղության շուրջ բանակցելիս։ Դրանք ակնհայտ են, հիմնական հարցերին են առնչվում այդ սկզբունքները։

Նախ, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Քննարկվող տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման կոնտեքստում մեզ համար չափազանց էական է, որպեսզի այդ ենթակառուցվածքներն ապաշրջափակվեն մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա, դրանք են՝ երկրների ինքնիշխանությունը, ազգային իրավազորությունը, եւ մենք պնդում ենք, որ ապաշրջափակման ուղղությամբ բոլոր գործողություններն արվեն փոխադարձության եւ հավասարության սկզբունքների հիման վրա։

Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլեւ շահագրգռված ենք տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ։ Մենք ուզում ենք մաս լինել միջազգային տարանցման, իհարկե, ըմբռնմամբ, որ մեր ինքնիշխանությունը մեր ենթակառուցվածքների նկատմամբ որեւէ կերպ չի կարող սահմանափակվել՝ արդարորեն ակնկալելով, որ այդ հեշտացումները, որոնք մենք պատրաստ ենք անելու, պետք է փոխադարձվեն մյուս հարեւան երկրների կողմից նույնպես։ 

Շահագրգռված լինելով ապաշրջափակմամբ՝ մենք հանդես ենք եկել նախաձեռնությամբ, որին տվել ենք «խաղաղության խաչմերուկ» անվանումը։ Մենք համոզված ենք, որ այս պատկերացումներով ենթակառուցվածքների ապաշրջափակումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի մասնակցող երկրներին, այլեւ, եթե իրականացվի, կդառնա խաղաղությանը նպաստող էական գործոն։ Մենք այս տեսլականով կիսվել ենք եւ շարունակում ենք կիսվել զանազան միջազգային դերակատարների հետ։ Մի մասը ողջունել են, ցավոք սրտի, Ադրբեջանից եղավ ձեւակերպում, թե սա ուտոպիա է»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ԱԳ նախարարը հավելեց․ «Անշուշտ, պայմանագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ կարողացել ենք առաջընթաց ապահովել, բայց սկզբունքային հարցերում առայժմ շատ շոշափելի արդյունքներ չկան։ Մենք դեռ շարունակում ենք բանակցել։ Խոսքը վերաբերում է հենց այն սկզբունքներին ու կետերին, որոնք հիշատակեցի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել