Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ
14:47 - 15 մարտի, 2024

Արարատ Միրզոյանն ու Աննա Գրիգորյանը միմյանց մեղադրեցին «պատվեր կատարելու» մեջ

Մենք իսկապես բոլոր ջանքերը գործադրեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի չունենա։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ինչու զեկույցում անդրադարձ չկար 2023թ․ տեղի ունեցած կարևոր իրադարձությանը՝ ԼՂ հայաթափմանը․ «Դուք հայաթափման հետ կապ չունե՞ք»։

«Դուք, որ ասում եք՝ դուք հայաթափման հետ կապ չունեք, իհարկե, կապ չունենք։ Մենք ուզում էինք, որ ԼՂ հայությունը մնա Լեռնային Ղարաբաղում՝ իր պատմական բնօրրանում, և օժտված լինի որոշակի անվտանգային երաշխիքներով։

Մենք բոլորս կհիշենք, թե ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված մեր ջանքերը և նույնիսկ ձևակերպումները ոնց էին քննադատվում ձեր իսկ կողմից, և ոնց էին քննադատվում նույն ԼՂ-ում, ինչ հավակնություններ էին արտահայտվում։ Էն պահին, երբ մենք կոչ էինք անում կառուցողական բանակցությունների, ինչպիսի պիտակավորումներով էին մեր կոչերը մերժվում, և վերջում ինչ եղավ»,- արձագանքեց Միրզոյանը։

Գրիգորյանը տեղից հարցրեց, թե դա՞ էր հայաթափման պատճառը, ինչին ԱԳ նախարարը պատասխանեց, որ պատճառն այն էր, որ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց։ 

«ԼՂ քաղաքական էլիտան, որ զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա նոր իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց, և նա ԼՂ լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ»,- ասաց Միրզոյանը՝ կոչ անելով ընդդիմությանը իրենց փնտրած պրոցեսների մեղավորությունը իրենց՝ իշխանության ուղղությամբ չփնտրել։

Արձագանքելով Աննա Գրիգորյանն ասաց, որ իշխանությունը նախ և առաջ պատասխանատվություն է․ «Դուք չեք կարող չունենալ ձեր պատասխանատվությունը։ Դուք եք բանակցել, պրահյան գործընթացը Ձեր բանակցածն է, որտեղ քննարկվում էր Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը, հիմա դրա տերը ո՞վ է լինելու։ Հիմա Դուք ամբողջությամբ ասում եք՝ Արցախի իշխանություններն են մեղավոր։ Դուք Արցախը ճանաչել եք Ադրբեջանի կազմում։ Էն ժամանակ էլ, երբ Արցախի վրա հարձակում է եղել, հեռու եք կանգնել»։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Սամվել Շահրամանյանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու, այլընտանքային ճանապարհը բացելու․ «Ստեփանակերտը, այո, իր դիրքորոշումներն ուներ, բայց հեռու մի երկիր է՞ր, բա գործընկերային հարաբերություններ չունեի՞ք, քննարկեի՞ք։

Աննա Գրիգորյանը նաև հարց էր ուղղել Սահմանադրության փոփոխության գործընթացների վերաբերյալ և այդ համատեքստում նշել, որ իշխանությունը Ադրբեջանի պատվերն է կատարում։

ԱԳ նախարարը, արձագանքելով այս հայտարարությանը, ասաց․ «Ուրեմն՝ ուշադիր լսեք․ Ադրբեջանի պատվերը Դուք եք կատարում անձամբ և Ադրբեջանին հովանավորող ուրիշ երկրի պատվեր [եք կատարում]»։

Ապա Միրզոյանը ասաց, որ մի դրվագ կպատմի, որը, ըստ նրա, ցույց է տալիս, որ այդ գիծը տանողը կատարում է այդ պատվերը։

«Իրադարձությունների ընթացք եմ նկարագրում, առանց իմ կողմից գնահատական ավելացնելու։ Մեզ օգոստոսի սկզբին ներկայացվում է առաջարկ, համաձայն որի՝ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնվի սերունդներին։ Հայկական կողմը համաձայնություն է հայտնում ամբողջ առաջարկի հիման վրա շարունակել բանակցությունները, ադրբեջանական կողմը մերժում է այս առաջարկը և հարձակվում է ՀՀ-ի վրա։ ՀՀ-ն փորձում է գործի դնել անվտանգային մեխանիզմները և, այսպես ասած, զանգում է այն ինստացիաներ, որտեղ էդ հարցը պետք է հասցեագրվի։ Էդ հարցը ոչ միայն չի հասցեագրվում, այլև պատասխանը լինում է այն, որ «մենք չենք կարող ասել՝ դա հարձակում է ՀՀ-ի վրա, թե չէ, որովհետև մենք չգիտենք ՀՀ սահմանները որտեղ են, որովհետև ըստ էության ՀՀ-ն ոնց որ թե սահմաններ չունի առնվազն այդ երկրի հետ»։ Որից հետո ՀՀ-ն դա ընդունում է որպես ի գիտություն և փորձում է իրավիճակը կառավարելու և իր գոյությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու այլ ճանապարհներ գտնել, ինչպես ցանկացած ադեկվատ մարդ կամ կառավարություն կաներ։

Եվ մեզ հաջողվում է ունենալ հայտարարություն, որտեղ Ադրբեջանը, Հայաստանը և 2 այլ մասնակիցները՝ Ֆրանսիայի նախագահը և ԵՄ խորհրդի նախագահը,  ասում են, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և իրականացնեն սահմանազատման գործընթաց մի փաստաթղթի հիման վրա, որը 1991թ․ ասել է, որ էս են սահմանները»,- ավարտեց Միրզոյանը

Նա հավելեց, որ եթե կապը տեսնում են, լավ, եթե չեն տեսնում, ապա պետք է կրկնի այն, ինչ ասել է սկզբում․ «Դուք կատարում եք պատվեր»։

Ի պատասխան Աննա Գրիգորյանը կոռեկտության կոչ արեց, Միրզոյանն էլ ասաց, որ երբ Գրիգորյանն էր ելույթ ունենում, ինքը չէր արձագանքում։

«Դուք կատարում եք պատվեր Ձեզ համար լավագույն դեպքում չգիտակցված, որովհետև վատագույն մեկնաբանությունը էդ իրավիճակի Ձեր մասին շատ ավելի վատ կխոսի»,- նշեց Միրզոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել