Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում
 |armenpress.am|
12:17 - 20 մարտի, 2024

Բաքվում հայ ռազմագերիների դատական գործերը հակասում են միջազգային իրավունքին․ քննարկում Եվրոպական խորհրդարանում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։

Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաեւ Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի կողմից հայ ռազմագերիների վերաբերյալ համապատասխան բանաձևի ընդունումից 3 տարի անց ստեղծված իրավիճակը  քննարկելու նպատակով կազմակերպված համաժողովի գլխավոր բանախոսներն էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, «Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, միջազգային իրավունքի մասնագետ, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսը եւ Լիբերտաս 2020 նախագծի ներկայացուցիչ, իրավունքի եւ հիմնախնդիրների կարգավորման Covcas կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։

Համաժողովի ընթացքում ունեցած ելույթում եվրոպական խորհրդարանի պատգամավոր Անդրեյ Կովաչեւն ընդգծեց, որ Եվրոպական խորհրդարանը միշտ կոչ է արել հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով, իսկ ռազմագերիներն ու պահվող անձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ առանց նախապայմանների։ «Չնայած վերջին շրջանի դրական քայլերին՝ որոշ ռազմագերիների փոխանակմանը, անելիք դեռ շատ կա։ Այդ իսկ պատճառով հարցը պետք է օրակարգում պահել եւ ամեն ինչ անել խաղաղ ճանապարհով հարաբերությունների կարգավորման համար», - նշել է Կովաչեւը։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ հարցն առկախ է եւ թունավորում է միջավայրը։ «Բաքվի ռեժիմի կողմից պահվող անձիք բանտարկյալ չեն, գերի են։ Ադրբեջանը ոտնահարում է իր իսկ ստորագրած հրադադարի եռակողմ հայտարարությունը, որում հստակ նշված է՝ բոլոր ռազմագերիները պետք է փոխադարձաբար վերադարձվեն»,- ասաց Բալայանը։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կարեւորեց հարցն օրակարգում պահելը։ Կիրակոսյանի խոսքով՝ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու միջազգային գործիքակազմը սահմանափակ է, եւ սրա ֆոնին Ադրբեջանն այսպես կոչված ահաբեկիչների նարատիվն է առաջ տանում՝ շինծու դատական գործեր առաջ քաշելով։

«Արեւելյան Եվրոպա-Հարավային Կովկաս, Միջազգային համագործակցություն մարդու իրավունքների համար» (IPHR) կազմակերպության ծրագրերի տնօրեն Սիմոն Պապուաշվիլին, խոսելով իրենց ձեռքի տակ եղած փաստերի մասին, նշեց, որ նախադեպը չունեցող դաժան չարչարանքների են ենթարկվում հայ ռազմագերիները։ Պապուաշվիլիի խոսքով՝ հայ ռազմագերիներն իրենց ընտրությամբ իրավապաշտպան ունենալու հնարավորություն չունեն։ «Ադրբեջանում որեւէ իրավապաշտպան չցանկացավ ստանձնել հայ ռազմագերիների պաշտպանությունը», - նշել է Պապուաշվիլին։

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը եւս նշեց, որ Բաքվում պահվող հայ գերիներին կտտանքների ենթարկելն ու նրանց հոգեբանական տառապանքներն ակնհայտ իրականություն են։

Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի հիմնախնդիրների եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսն իր հերթին շեշտադրեց՝ Բաքվում հայ ռազմագերիների վերաբերյալ բոլոր դատական գործերը հակասում են ոչ միայն միջազգային իրավունքին, այլ հենց Ադրբեջանի սահմանադրությանը։ «Ալիեւի համար կարեւոր է ցույց տալ, որ ինքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը վերցրեց, այլեւ պատժում է բոլորին», - ասաց Յունուսը։

Բանախոսներից Հիլդա Չոբոյանն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է քաղաքական նպատակների համար եւ պետք է դրա դեմն առնել։ Չոբոյանը կոչ արեց միանալ ռազմագերիների ազատության համար իր կազմակերպության սկսած արշավին։         

Համաժողովի ավարտին Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը շնորհակալություն հայտնեց Անդրեյ Կովաչեւին նախաձեռնության համար եւ նշեց, որ նմանատիպ քննարկումների ժամանակ հնչած գաղափարները վաղ թե ուշ գործնական քայլի են վերածվում։

Դեսպան Բալայանը եւս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերով զեկուցողին ԵԽ այս նստաշրջանում Հայաստանին ցուցաբերած ակտիվ աջակցության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել