Գևորգ Պապոյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
16:11 - 07 հունիսի, 2024

Գևորգ Պապոյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Նախարարն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։ 

Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և Հնդկաստանի ոսկերչական ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացումը ազգային տաղավարով։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է քիմիական և մետալուրգիական արդյունաբերությունը՝ նախարարը հրավիրել է հնդկական ընկերություններին հայկական կողմի հետ համագործակցել «Կանաչ քիմիա» նախագծերի շրջանակում:

Երկուստեք կարևորվել է միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպումը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել