factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող, ինչպես նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
Նշվում է, որ նախարարները համեմատել են դիրքորոշումները երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերի վերաբերյալ։ Ռուսական կողմից հատուկ շեշտադրվել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնումների։
«Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ իրավիճակին Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում։ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ներկայացվել են ՌԴ սկզբունքային գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
comment.count (0)