tert.am: Փհենյանում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները, որոնք ընթանում են պատվիրակությունների կազմով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սա Պուտինի առաջին այցն է ԿԺԴՀ 2000 թվականից ի վեր։ Վաղ առավոտյան ՌԴ առաջնորդն իր հյուսիսկորեացի գործընկերոջ հետ ժամանել է Կիմ Իր Սենի հրապարակ, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողությունը, ինչից հետո Պուտինն ու Կիմ Չեն Ընը մեկնել են պետական նստավայր։
Ինչպես նշել է ՌԴ նախագահը հանդիպման մեկնարկին, բանակցությունների ընթացքում կստորագրվի «նոր հիմնարար փաստաթուղթ», որը կլինի ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների հիմքում:
«Անցյալ տարի Ռուսաստան կատարած Ձեր այցի արդյունքում մենք զգալիորեն առաջ շարժվեցինք այսօրվա մեր միջպետական կապերի կառուցման գործում։ Այսօր պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկարաժամկետ հեռանկարում մեր հարաբերությունների հիմքը կհանդիսանա», - նշել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ անցած տարի երկրները նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակը, իսկ ընթացիկ տարում ՝ առաջին միջպետական փաստաթղթի՝ տնտեսական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 75-ամյակը:
«Ինչպես հայտնի է, այդ համաձայնագիրը ստորագրվել է ընկեր Կիմ Իր Սենի կողմից Մոսկվա կատարած նրա առաջին այցի ընթացքում»,- հիշեցրել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինը հույս է հայտնել, որ Կիմ Չեն Ինի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում:
comment.count (0)