Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Հեռագրում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խոր ցավով ընդունեցի Դերբենտում և Մախաչկալայում տեղի ունեցած և անմեղ քաղաքացիների և իրավապահների մահվան պատճառ դարձած սարսափելի ահաբեկչությունների մասին ողբերգական լուրը։
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այս ահաբեկչությունը և անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ զինված գրոհայիններ Մախաչկալա և Դերբենտ քաղաքներում հարձակվել են երկու ուղղափառ եկեղեցու, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա: Ահաբեկչությունների զոհ է դարձել ոստիկանության ավելի քան 15 աշխատակից, ինչպես նաև մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորական:
Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, հայտարարված է եռօրյա սուգ։ Քաղաքներից ելքն արգելվել է։ Ոչնչացվել է մի քանի գրոհային։ Որոնողական և քննչական միջոցառումները շարունակվում են:
comment.count (0)